Տարեց տարի կյանքի և մտածողության մոտեցումը փոխվելով ` փոխվում է նաև սերունդներին դաստիարակելու մեթոդները: Հիմա երեխաների ցանկություններն ու պահանջները այլ են, հետևաբար ծնողների վերաբերմունքը ` նույնպես: Հաճախ երեխայի կամակորությունը սաստելու նպատակով ծնողը հնարավոր է թեթևակի հարվածի երեխայի ուսին կամ ձեռքին: Ծնողների մի մասը կարծում է, որ դա ֆիզիկական բռնություն է , մյուս մասի համար ` պարզապես դաստիարակման միջոց: 3 տարեկան երեխայի ծնող Աննան ասաց, որ թեթևակի հարվածները դժվար թե դիտվի որպես բռնություն. «Չեմ կարծում, որ ծնողը ի վիճակի լինի շատ կոպիտ հարվածել երեխային, թեկուզ լացը կամ կապրիզը կանխելու համար, սակայն թեթև հարվածները, ինձ թվում է, նորմալ դաստիարակչական մեթոդ է» : Իսկ Մելինեի խոսքով` ցանկացած թեթևակի հարված, նույնիսկ կոպիտ խոսք , համարվում է ֆիզիկական և հոգեբանական բռնություն. «Իհարկե, լինում են դեպքեր, երբ պարզապես խոսելը արդյունք չի տալիս, բայց ամեն դեպքում երեխաներ են, ի վերջո իրենց մոտ բռնությունը ինչ-որ հետք կթողնի» : Ի վերջո, երեխային թեթև հարված հասցնելը համարվում է ֆիզիկական բռնություն թե ոչ, պարզաբանում է սոցիալական աշխատող Նարեկ Պողոսյանը. «Երեխայի նկատմամբ կիրառվող ցանկացած ֆիզիկական պատիժ կամ ծեծ, անշուշտ, համարվում է բռնություն։ Երեխան վաղ հասակում, իհարկե, ծնողի խոսքը լիովին ընկալել ու դրանով առաջնորդվել չի կարող։ Սակայն, սա ոչ մի դեպքում չպետք է հիմք հանդիսանա վերջինիս նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման։ Երեխային սաստելու ալտերնատիվ տարբերակներ կան՝ սովորականից ավելի բարձր տոնայնությամբ խոսք, այս կամ այն արարքի վատ կամ անթույլատրելի լինելու երևույթի ներկայացում և այլն։ Սակայն կան շատ ծնողներ, ովքեր երեխային թեթևակի հարվածելով` փորձում են պատիժ սահմանել վերջինիս նկատմամբ։ Դա ևս ֆիզիկական բռնություն է, և այս դեպքում կարևոր չի հարվածի ուժգնությունը»: Սոցաշխատողը կոչ արեց ծնողներին չսահմանել յուրովի պատժամիջոցներ, որոնք դուրս են ադեկվատ վիճակներից, քանզի կան սահմանված նորմեր ու խորհրդատվական գործընթացներ, որոնց կարելի է հետևել։ Իսկ այդ թեթև հարվածները արդյո՞ք կազդել երեխայի հոգեբանական վիճակի վրա թե ոչ, պատասխանեց հոգեբան Տիգրանուհի Աճեմյանը. «Մարմնական պատիժն ու ֆիզիկական բռնությունը, հատկապես եթե դրանք կրում են պարբերական բնույթ, իրենց բացասական հետևանքներն են ունենում երեխայի հոգեբանական, հուզական, ֆիզիկական զարգացման և սոցիալիզացիայի վրա:
Բռնության զոհ դարձած երեխաների մոտ կարող է դանդաղել ճանաչողական գործընթացների զարգացումը: Կարող են դիտվել վարքագծի փոփոխություններ, քնի խանգարումներ, դյուրագրգռություն, ագրեսիվություն և այլն: Շատ հաճախ ծնողները համարում են, որ թեթևակի հարվածելը կամ ապտակելը դրական ազդեցություն կունենա երեխայի վարքագծի կառավարման վրա: Իրականում ֆիզիկական պատիժը երեխային ընդամենը սովորեցնում է, որ ծեծը զայրույթի արտահայտման օպտիմալ միջոցն է, և որ ինքը պետք է վախենա սեփական ծնողներից, այլ ոչ թե ստանա վերջիններիս սերը, հոգատարությունը և ջերմությունը: Երեխային հարվածելը բացասաբար է անդրադառնում առաջին հերթին ծնող-երեխա փոխհարաբերությունների վրա, թուլացնում է ծնողի նկատմամբ երեխայի ունեցած վստահության և հարգանքի զգացումը: Եթե մենք ցանկանում ենք սեփական երեխաներին սովորեցնել չկիրառել բռնություն, ապա նախ ինքներս՝ մեր սեփական օրինակով,պետք է փորձենք չկիրառել այն, որպես դաստիարակության միջոց»:
Օֆելյա Պողոսյան
3-րդ կուրս