ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ

ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ

1919

Այս մեքենայացված ժամանակաշրջանում, անշուշտ, առանձնահատուկ պետք է վերաբերվել այն ամենին, ինչը ձեռքի և մտքի աշխատանք է: Այս դեպքում թելերին շունչ հաղորդողը` Անի Ալավերդյանը, ասեղնագործում է ` պահպանելով հինն  ու ազգային մշակույթը: Անին շապիկների վրա ազգային հերոսներին պատկերելով  փորձում է այդ կերպ հիշելի դարձնել նրանց. «Ի սկզբանե ես ցանկանում էի ունենալ շապիկ Լեոնիդ Ազգալդյանի նկարով։ Որոշեցի ինքս պատրաստել։ Երբ գաղափարի մասին պատմեցի ընկերներիցս մեկին, նա խնդրեց, որ առաջին շապիկն իր համար պատրաստեմ։ Շապիկը նրան դուր եկավ։ Երբ արդեն ինձ համար պիտի նկարեի, որոշեցի նկարել մի հերոսի, որին ինչ-ինչ պատճառներով ավելի քիչ մարդիկ են ճանաչում։ Դա լավ հնարավորություն էր՝ հերոսի մասին այլոց պատմելու համար։ Նկարեցի Ալբերտ Ալավերդյանին։ Այնուհետև, երբ արդեն սկսեցին հետաքրքրվել շապիկներով և պատվերներ տալ, բոլորին սկսեցի հորդորել, որ պատվիրեն քիչ ճանաչված հերոսների նկարներով շապիկներ» : Անին ասեղնագործել սիրել է դեռ վաղ տարիքից և միշտ երազել է լավ ասեղնագործելու մասին. «Մոտ երկու տարի առաջ որոշեցի, որ պիտի իրագործեմ լավ ասեղնագործելու վաղեմի երազանքս։ Սկսեցի հաճախել Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ասեղնագործության դասընթացներին։ Այնտեղ հասկացա, որ մենք ունենք գանձեր, որոնց մասին քչերը գիտեն և քչերն են լսում։ Որոշեցի մարդկանց ծանոթացնել նրան, ինչ ինքս էի բացահայտում և ինչով ինքս էի ոգևորվում։ Սկսեցի ստեղծագործել հագուստի վրա՝  փորձելով հաճախ կիրառվող հագուստի միջոցով մարդկանց հասանելի և ճանաչելի դարձնել հայկական ասեղնագործությունը» : Շապիկի վրա Անին առաջինը Մարաշի ասեղնագործությունն է օգտագործել։ Նրա աշխատանքները դեռևս հասանելի են միայն օնլայն հարթակներում․ նա հանդես է գալիս հետևյալ անվանմամբ ` «Աննիա ձեռագործ աշխատանքներ»: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ըստ Անիի, ֆիզիկան և արվեստը ամեն  դեպքում ունեն ընդհանուր կապեր. «Այո, ֆիզիկան և ասեղնագործությունն ունեն ընդհանրություն, և երկուսն էլ աշխարհի մասին որոշակի պատկերացումներ են տալիս»:  Անի խոսքով` նորը ստեղծելիս, ուսումնասիրում է նաև հին զարդանախշերն  ու նմուշները` կրկին ազգայինը պահպանելու միտումով: Անիի ասեղնագործություններ նաև բարեգործական բնույթ են կրում: Այնքան, որքան որ մարդիկ գնահատում են արդեն պատրաստի շապիկը, այդ գումարը Անին  հորդորում է փոխանցել «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպությանը կամ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական  կազմակերպությանը:

Օֆելյա Պողոսյան
3-րդ կուրս

Կիսվել