ԱՎԱԳ ԴՊՐՈՑ. ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՎԱՏՆՈՒՄ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ. ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՎԱՏՆՈՒՄ

1421

10-ամյա կրթությունը 12-ամյայով փոխարինելու ծրագրի ներմուծումից անցել է արդեն 11 տարի, բայց մարդիկ շարունակում են բողոքել ավագ դպրոցների արդյունավետությունից, իսկ կրկնուսույցներին դիմող աշակերտների թիվը տարիների ընթացքում չի նվազում։

Աշակերտների հետ Հայոց լեզու և գրականություն պարապող մանկավարժը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց, որ այս պահին 7 աշակերտ ունի, ովքեր պարապում են բուհ ընդունվելու համար, բոլորը ավագ դպրոցի սաներ են։ Կրթական ծրագրերի հետազոտող Գոհար Տիգրանյանն ասում է, որ բացի այն, որ հիմա կրթական ոլորտի հետազոտություններ է անում, ինքը եղել է առաջին սերունդը, ում վրա փորձարկվեց ավագ դպրոցի կոնցեպտը։ Հիշում է, որ ներկայացնում էին, թե ավագ դպրոցն ավարտող աշակերտը չի ունենալու կրկնուսույցի կարիք, ավելին՝ ասում էին, որ ավագ դպրոց ընդունվող և ավարտող աշակերտը միասնական քննություն չի տալու, այլ իր դպրոցական միավորներով անցնելու է համալսարան, այնինչ իրենց դասարանում գրեթե բոլորը դիմեցին կրկնուսույցի, իսկ ով էլ չդիմեց, պատճառը ֆինանսական ու սոցիալական խնդիրներն էին։ Իսկ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ավագ դպրոցներում կրթական մակարդակը բարձրացնելու համար, հետազոտողն ասաց. «Ավագ դպրոցը պետք է դարձնել այն ելակետը, որով աշակերտները կկապվեն համալսարանների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ։ Պետք է լրացվեն այն բացերը, որոնք կան մասնագիտական կողմնորոշման հետ կապված նախագծերի մեջ։ 12-րդ դասարանում աշակերտն ընտրում է մասնագիտություն, որն ուղղակի տենդենցային է, առանց իմանալու, թե, օրինակ՝ նույն համալսարանում ինչ այլ մասնագիտություններ կան։ Դպրոցներում պետք է լինեն տարբեր լաբորատորիաներ, ակումբներ, գրադարաններ, որպեսզի երեխան կարողանա գտնել մոտիվացիա սովորելու համար։ Տարբեր այցեր պետք է լինեն մասնագիտական տարբեր կառույցներ։ Եվ վերջապես, պետք է ավագ դպրոցներում ներառվի կրեդիտային համակարգ, որը մշակված կլինի համալսարանների հետ։ Աշակերտը գնահատականը ստանալու արդյունքում կհավաքի որոշակի կրեդիտներ, և արդյունքում հենց կրեդիտը կորոշի, թե համալսարանի որ բաժնում է սովորելու նա»։ Տաթև Գիշյանը, ով 1 տարի սովորել է ԱՄՆ-ի ավագ դպրոցներից մեկում, պատմեց, որ առարկաներն այնտեղ 4-5-ն էին, պարտադիր ուսուցանվող առարկաները 2-ն էին, կոնկրետ իրենց դպրոցում անգլերենն ու պատմությունն էին պարտադիր ուսուցանվող։ Այնտեղ գործում էր կրեդիտային համակարգ, որի արդյունքում աշակերտը հավաքում էր կրեդիտներ։ Կրեդիտի չափն էլ կախված էր առարկայի կարևորությունից։ Ինչքան կարևոր էր առարկան, այդքան բարձր էր դրա կրեդիտը։ Բացի այդ, գործում էին նաև մի շարք խմբակներ, որոնց մասնակցելը, հաճախ, դասերից ավելի էր կարևորվում, իսկ համալսարան ընդունվում էին արդեն իրենց հավաքած կրեդիտներով։ Երևանի ավագ դպրոցներից մեկի այս տարվա շրջանավարտներից Անի Վարդանյանն էլ նշեց. «Ավագ դպրոց ես գնում էի միայն ներկա ստանալու համար, իսկ դպրոցից հետո գնում էի կրկնուսույցի մոտ, որ կարողանամ բուհ ընդունվել»։ Հարցին, թե արդյոք ինքը կարող էր բուհ ընդունվել բացառապես ավագ դպրոցի տված գիտելիքներով, Անին ծիծաղելով ասաց. «Իհարկե ոչ»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հունիսին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պիտի փոխվի ավագ դպրոցների բովանդակությունը։ «Պետք է այնպես արվի, որ աշակերտը այլևս չունենա կրկնուսույցի կարիք»։ Ավագ դպրոցների բովանդակության մասին նախարարը խոսեց նաև 2019 թվականի ապրիլին` այս անգամ բացատրելով, թե ինչ ասել է բովանդակություն։ Նա նշեց, որ ավագ դպրոցներին տրամադրվել է հավելյալ ֆինանսավորում և գրեթե բոլոր ավագ դպրոցներում բացվել են ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներ։ Ներկայումս ավագ դպրոցներում շարունակվում են «բովանդակային» փոփոխությունները։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել