Հոկտեմբերի 29-ին
Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Կորեայի իմ մշակույթի օր»
խորագրով փառատոնը։
Փառատոնը նպատակ ունի Հայաստանում բարձրացնել կորեական մշակույթի մասին
իրազեկվածությունը, ծառայել երկու երկրների միջև համագործակցությանն ու
բարեկամությանը։ Միջոցառման ընթացքում ԵՊՀ-ի՝ կորեերեն ուսումնասիրող ուսանողները,
ինչպես նաև կորեական մշակույթով հետաքրքրված անձինք ներկայացրին կորեական
ժամանակակից երգեր և պարեր, կորեերեն ասմունք, հայտնի կորեական «Վագրը և
ճանապարհորդը» հեքիաթի մոտիվներով բեմադրված ներկայացում։ Թեքվանդոյի
ցուցադրությամբ հանդես եկան նաև ՀՀ ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները:
Փառատոնը մեկնարկեց Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպան Լի Սոկ Բեի ողջույնի խոսքով:
Նա փառատոնի մասնակիցներին մաղթեց լավ ելույթ։ Դեսպանի խոսքին հաջորդեց համերգային
փուլը։ Պարային կատարումով հանդես եկավ «NP Project»-ը:
Խմբի լիդեր Սամվել Բալախչյանը ելույթից հետո մեզ
հետ զրույցում պատմեց նախապատրաստական փուլի և խմբի գործունեության մասին. «Փառատոնին
ներկայացվելիք համարից առաջ ունեցել ենք երեք-չորս փորձեր, սակայն դրանք բավական հագեցած
են եղել։ Մինչ ուշ գիշեր պարապելով, տուն չհասնելով, քաղցած մնալով՝ հասել ենք մեր
ուզած արդյունքին»։
Մեր հարցին՝ իրենք գործող խո՞ւմբ են, թե՝ ոչ, նա պատասխանեց. «Այո՛, գործող խումբ ենք. մեր գործունեությունը սկսել
ենք այս տարվա սկզբից և ամառվանից ակտիվ պարային տեսահոլովակներ ենք տեղադրում մեր
YouTube-յան և Instagram-յան էջերում։ Հիմնականում կատարում ենք կորեական հայտնի խմբերի
պարեր»։
Պարային կատարումից հետո հանդիսատեսը վայելեց ՀՀ
ռազմական թեքվոնդոյի ֆեդերացիայի սաների ելույթը։
Փառատոնը հետաքրքիր և ուսուցողական դարձրին
ԵՊՀ-ի՝ կորեերեն ուսումնասիրող ուսանողները՝ ներկայացնելով հայտնի կորեական «Վագրը
և ճանապարհորդը» հեքիաթի բեմադրությունը։
Իրենց ելույթներով ներկայացան շատ այլ պարային խմբեր, եղան երաժշտական կատարումներ
և կորեերեն ասմունք։
Փառատոնին ներկա էին նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի
Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոնի կորեերենի ավագ դասախոս Փակ Հի Սուն և Կորեայից ժամանած
դասախոսներ։
Դեսպան Լի Սոկ Բեն փառատոնի ավարտին շնորհակալություն հայտնեց հայ երիտասարդներին կարճ
ժամանակում բավական սահուն և ճիշտ առոգանությամբ կորեերենի գործածման համար և խնդրեց
հաջորդ անգամ իրեն փոքր-ինչ շուտ տեղեկացնել նման միջոցառման մասին, որպեսզի ինքն էլ
բոլորի հետ բեմ բարձրանա և պարի։ Դեսպանը չմոռացավ ևս մեկ անգամ շնորհավորել ԵՊՀ-ի
100-ամյակը և սիրով խոսափողը փոխանցեց հաղորդավարուհիներին, ովքեր էլ հայտարարեցին
փառատոնի մասնակիցների համար պատրաստված անակնկալի մասին։
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և ստացան փոքրիկ նվերներ մասնակցության
համար։
Մարիամ Բարսեղյան
2-րդ կուրս