Հայաստանի կրթական համակարգում օտար լեզուների ուսուցումը դպրոց-բուհ համակարգում սահուն չի անցնում։ Բազմաթիվ ուսանողներ և աշակերտներ ահազանգում են, որ դպրոցում անցնում են մեկ օտար լեզու, իսկ բուհում անցնում են այլ լեզու, ինչի հետեւանքով մոռանում են թե´ դպրոցում սովորածը, թե´ չեն կարողանում նորմալ տիրապետել նոր օտար լեզվի։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի հրամանով 2018 թվականին սահմանվել է դպրոցում օտար լեզուների ընտրության կարգը։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդվում է 2 օտար լեզու, որոնցից առաջինը ռուսերենն է, մյուսը՝ անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը կամ որևէ այլ լեզու։
Այսօր Հայաստանի դպրոցներից շատերում, օտար լեզուն անգլերենն է, ինչի հետեւանքով գերմաներեն իմացող աշակերտները շատ քիչ են։ Անկախ այդ հանգամանքից՝ այսօր գերմաներենի պահպանումը առաջնային խնդիր է թե՛ մասնագետների, թե՛ լեզուն սիրողների համար։ Ավետիս Գալստյանն, ով արդեն 38 տարի է՝ աշխատում է Արթիկի N 3 ավագ դպրոցում որպես գերմաներենի ուսուցիչ, պատրաստվում է դուրս գալ դպրոցից։ Նրա մոտ սովորող աշակերտները բարձր միավորներով ընդունվել են Հայաստանի ու Գերմանիայի բուհեր ու համալսարաններ։ «Իմ աշակերտները միշտ գրանցել են բարձր առաջադիմություն, գրեթե միշտ դուրս են եկել գերմաներենի օլիմպիադայի եզրափակիչ փուլ»,-պատմում է մանկավարժը։
Ա․ Գալստյանը նշեց, որ Արթիկում ընդամենը 2-3 դպրոցում է, որ օտար լեզուն գերմաներենն է։ Բազմաթիվ միջոցառումների ժամանակ Ա․ Գալստյանը ելույթ է ունեցել, ներկայացրել լեզվի պահպանման խնդիրները․ «Իմ աշակերտների ահազանգը վերաբերում է նրան, որ Արթիկի հասարակությունը, երբեմն չմտածելով, փոխում է գերմաներենը անգլերենի, այսինքն՝ խնդիրը ավելի շատ բարոյական երանգ ունի։ Մարդիկ ուղղակի անտեղյակ են գերմաներենի հնարավորություններից ու բացի այդ՝ բաց են թողնում 2 լեզու սովորելու շանսը»,-ասաց Ա․Գալստյանը։ Իսկ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները նշում են, որ նախընտրում են իրենց երեխային տանել այն դպրոց, որտեղ օտար լեզուն անգլերենն է։ «Իմ կարծիքով՝ այսօր օտար լեզուներիցը առաջինը պետք է իմանալ անգլերենը․ այսօր փողոցում էլ քեզ հազվադեպ կմոտենա մեկը, ով հարց կտա գերմաներենով»,-մեզ հետ զրույցում ասում է դպրոցահասակ որդի ունեցող Մարիամը։
Չնայած Արթիկի N 4 դպրոցում օտար լեզուն գերմաներենն է, բայց դպրոցն ունեցել է աշակերտների թվի աճ։ Տնօրեն Ն․ Գրիգորյանի խոսքով, իրենց դպրոցում կա գերմաներնի լավ մասնագետ, ինչը կարևոր հենք է լեզուն լավ սովորելու համար։ «Կարծում եմ, որ ցանկացած լեզու լավ սովորելու համար նախ պետք է լավ մասնագետ։ Բացի այդ, լավ գերմաներեն իմացողը հեշտությամբ կսովորի անգլերեն»։
Պահանջարկով պայմանավորված՝ այսօր Հայաստանում անգլերեն դասավանդող լեզվի կենտրոնները ամենատարածվածն են։ Լեզվի կենտրոններից մեկի աշխատակիցը նշեց, որ հիմնականում դիմում են անգլերեն սովորելու համար, երկրորդ տեղում ֆրանսերենն է, ապա՝ գերմաներենը։
Օտար լեզվի ընտրության հետ կապված բարդություններ կան նաև բուհերում։ Լիլիթը, ով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է, դպրոցում սովորել է գերմաներեն։ Այժմ բուհում կանգնել է մեծ խնդրի առջև․ «Ես դպրոցում սովորել եմ գերմաներեն, իսկ հիմա անգլերեն եմ սովորում համալսարանում, ինչը ինձ համար մեծ բարդություն է։ Ես ոչ միայն դժվարանում եմ անգլերենի հարցում, այլև գերմաներենը չօգտագործելով՝ մոռանում եմ լեզուն»։
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Քրիստինան նշեց, որ իր համար առաջնային օտար լեզուն ֆրանսերենն է, բայց նաև ուսումնասիրում է գերմաներեն. «Դպրոցում սովորելով անգլերեն և ուսումնասիրելով մի շարք ծրագրեր՝ ես հասկացա, որ մեկ լեզվի իմացությունը բավարար չէ զարգանալու համար։ Այդ պատճառով ընտրեցի Ֆրանսիական համալասարանը, որը հնարավորություն է տալիս մասնագիտական առարկաներին զուգահեռ, սովորել բազմաթիվ լեզուներ՝ ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն։ Այժմ ցանկանում եմ սովորել գերմաներեն, քանի որ այսօր Գերմանիան առաջարկում է բազմաթիվ որակյալ կրթական ծրագրեր»։
Շողեր Կակոյան
2-րդ կուրս