ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԼԻՆԵԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՌԵԿՏՈՐ. «ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» ...

ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԼԻՆԵԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՌԵԿՏՈՐ. «ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

1578

«Վերջին ուսուցիչը» ֆիլմի հերոսները՝ Խորեն Լևոնյանը և ստեղծագործական կազմը նոյեմբերի 13-ին հյուրընկալվել էին Եվրասիա միջազգային համալսարան։  Հանդիպման նախաձեռնողը Եվրասիա միջազգային համալսարանի ավագ դպրոց-վարժարանն էր։

Հանդիպման սկզբում դերասանական խմբին և ներկաներին ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը։

Այնուհետև քննարկումը սկսեց ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, ով ֆիլմում մարմնավորել է գրականության ուսուցիչ Վահան Մամյանին։ «Վստահ եմ, որ այս ուսումնական հաստատությունից դուրս են գալու մեծ ու լավ մասնագետներ ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի համար»։ Նա նշեց նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը պլանավորում է ավելի շատ նկարահանել դասական գրողների գործեր՝ 16 մասից բաղկացած։ «Այս տարի այդպիսի մի քանի ֆիլմ արդեն նկարահանվել է, մյուս տարի ևս կնկարահանվի, գուցե հենց Վարդգես Պետրոսյանից և Շիրվանզադեից»,- ասաց Խորեն Լևոնյանը։

Հանդիպման ժամանակ աշակերտներից մեկը հարցրեց Խորեն Լևոնյանին՝ կցանկանա՞ր արդյոք իրական կյանքում լինել ուսուցիչ, նա պատասխանեց. «Կարծում եմ ուսուցչի աշխատավարձը ավելի բարձր է, քան թատրոնի դերասանինը, երևի՝ այո, կցանկանայի»։ «Լրագրողների աչքից հեռու» Լեւոնյանը հավելեց նաև, որ մեծ հաճույքով կլիներ թատերական ինստիտուտի ռեկտոր կամ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար:։

Դերասանները խոսեցին իրենց կերպարների մասին, նաև, թե ինչպիսին պետք է լինի իրական դերասանը։

«Կային ֆիլմեր, որոնց նկարահանման ժամանակ մարդիկ ինձ հետ չէին կարողանում շփվել, որովհետև ես 24 ժամ դրա մեջ էի, այդպես պետք է լինի դերասանը, որպեսզի և՛ ֆիլմը, և՛ դերասանական խաղը դուր գա մարդկանց, ինչը իհարկե շատ դժվար է»,- ասաց Խորեն Լևոնյանը։ Նա նաև խորհուրդ տվեց աշակերտներին շատ կարդալ, չվախենալ սխալվելուց և լինել համարձակ։ «Ես այդքան էլ չեմ տարբերվում իմ կերպարից, բայց եթե անգամ դերասանը իր կերպարից տարբերվի, պետք է կարողանա անել այն, ինչը նույնիսկ իրենը չէ»,- ասաց ֆիլմի դերասաններից Վահագն Սամվելյանը։

Ֆիլմի դերասանուհիներից Էլեն Սարգսյանը, ով մարմնավորում էր Մարիի կերպարը, ասաց, որ սկզբում չէր հասկանում իր կերպարի էությունը, բայց ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ զրույցից հետո, նրան հաջողվեց կերտել իր դերը։

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարտինա Սարդարյանը նկատեց, որ բոլորը պրոֆեսիոնալ դերասաններ են, և ընտրվել են համապատասխան այն դերի, որը պետք է կատարեին։

Վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նահապետյան Սյուզաննան նշեց՝ քանի որ ֆիլմը բարոյադաստիարակչական բնույթ ուներ, այդ պատճառով որոշվեց դերասանների հետ հանդիպումը իրականացնել Եվրասիա միջազգային համալսարանի ավագ դպրոց-վարժարանում, որպեսզի աշակերտները ծանոթանան դերասանական թիմի հետ։

Նշենք, որ «Վերջին ուսուցիչը», Հանրային հեռուստաընկերության կողմից նկարահանված, 16 մասից բաղկացած սերիալ է, որի հիմքում ընկած է Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակը։

Մերի Մաթևոսյան

2-րդ կուրս

Կիսվել