ԵՐԿԱԹԻ ՈՒ ԲՐՈՆԶԻ ԴԱՐԻ ԳՏԱԾՈՆԵՐԻՑ ՄԻՆՉև ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅԿԱԶԷԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԵՐԿԱԹԻ ՈՒ ԲՐՈՆԶԻ ԴԱՐԻ ԳՏԱԾՈՆԵՐԻՑ ՄԻՆՉև ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅԿԱԶԷԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

969

Նոյեմբերի 13-ին Հայաստանի Ազգային գրադարանի փոքր դահլիճում  տեղի ունեցավ  «Հայկազէան Հայագիտական հանդէս»֊ի 39-րդ հատորի շնորհանդեսը։ Հատորը չափազանց  ընդգրկուն է՝  927  էջ ծավալով։ Տեղ են գտել 54 նյութ, 48 հոդված, տարաբնույթ ուսումնասիրություններ։

«Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը  Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությունն է և ներառում է հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին, գրականությանը, պատմագիտությանը, ճարտարապետական հուշարձաններին վերաբերող հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ հայերեն, նաև արաբերեն և արևմտաեվրոպական լեզուներով։ Ծանոթացնում է նորահայտ հայկական ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտական գործերին, տեղեկություններ հաղորդում հայագիտությանը նվիրված միջազգային համաժողովների մասին։     

Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Տագէսեանը ներկայացրեց հատորյակի հայեցակարգը։ Պատմեց, որ դեռ 7  տարեկան է եղել, երբ իմացել է «Հայագիտական Հանդես»֊ի մասին, իսկ այսօր պատիվ ունի արդեն 17-րդ անգամ  մասնակցելու  շնորհանդեսին։ Նա իրենց արաքելությունն ու կոչումն է համարում հայերենն ու հայկականն ապագա սերունդերին փոխանցելը։

Խոսեց նաև առցանց լրատվության և կայքերի մասին՝ համեմատելով դրանք տպագիր հրատարակությունների հետ: Շեշտեց դրանց արդյունավետությունն ու օպերատիվությունը։ Ասաց՝ կայքերում որակի հետ կապված խնդիրներ շատ կան. պետք է վստահություն ներշնչեն իրենց լսարանին։ Խորհուրդ տվեց աջալուրջ լինել իրենց գործի նկատմամբ. եթե որոշ բաներ էլ կորցնեն, գոնե որակը պետք է  չկորցնեն։  

Հանդեսի բովանդակության մասին խոսեց նաև բանասեր, թարգմանիչ Արծվի Բախչինյանը։ Ներկայացրեց այն նյութերը, որոնց հեղինակները ևս ներկա էին դահլիճում, և սա շատ լավ առիթ համարեց, որ հեղինակները ևս իրար ճանաչեն։ Հեղինակների ճնշող մեծամասնությունը Հայաստանից էր։

Արծվի Բախչինյանի խոսքով՝  հայագիտությունն այսօր պետք է ընկալվի իբրև ազգային ռազմավարության ծրագրման անխախտելի միջոց։  Ըստ Բախչինյանի՝ պետք է երիտասարդանա հայագիտության ոչ միայն միտքը, այլև աշխատելակերպը։


Մարիաննա Մխիթարյան

2-րդ կուրս

Կիսվել