Նոյեմբերի 25-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի թեմայով:
Ասուլիսին ներկա էին միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը և «Փախստականի ձայնը» հասարակական կազմակերպության նախագահ Օքսանա Մուսայելյանը:
Իրինա Դավթյանը իր խոսքում նշեց, որ կառավարության վերջին նիստի ընթացքում հավանության արժանացավ այս ծրագիրը, և 112 ընտանիք բնակարան ունենալու վկայագրեր ձեռք կբերեն.
«Վերջին անգամ այսպիսի ծրագիր իրականացվել է 2005-2008 թվականներին։ Այս ծրագրում ներառվել են այն մարդիկ, ովքեր կային դեռևս 2005 թվականից: Առաջնահերթությունը տրվել է այն մարդկանց, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում, մասնավոր անձանց պատկանող հյուրանոցներում կամ հանրակացարաններում, քանի որ այստեղ վտանգ կա, որ մարդիկ ամեն վայրկյան կարող են հայտնվել դրսում»։
Ծրագրի մեջ ներառվել է վարչական 5 շրջան՝ Ավան, Նորք Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա: Ծրագրի համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամի բյուջե: Մասնակիցները ծանուցում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կարող են ներկայացնել հայտերը.
«Այս պահին կա 895 ընտանիք, որից 641 Երևանում է, 254-ը՝ մարզերում: Մենք նրանցից 112-ին տալու ենք վկայագրեր, որը բանկի համար կլինի կանխավճար բնակարան ձեռք բերելու:»
Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ այսքան ժամանակ ինտեգրացիան եղել է փակ.
«Խնդիրը այն չէ, որ նրանք եկել են Ադրբեջանից: Նրանք կարող էին լինել Սիրիայից կամ Թուրքիայից: Այստեղ կան հարցեր թե՝ կրթության հետ, թե՝ սոցիումի հետ, բայց առաջնահերթը բնակատեղիի հետ կապված խնդիրն է:
Նշենք նաև, որ այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու և այն ընտանիքները, ովքեր այս փուլում չեն ստանա վկայագրեր, կներառվեն ցանկում հաջորդ փուլի համար:
Գառնի Մութաֆյան
3-րդ կուրս