ԲԺԻՇԿՆԵՐ, ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐ, ԿՈՇԿԱԿԱՐՆԵՐ. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՈՐՈՇ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄՆԱԼ

ԲԺԻՇԿՆԵՐ, ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐ, ԿՈՇԿԱԿԱՐՆԵՐ. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՈՐՈՇ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄՆԱԼ

1083

Հայաստանի աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձր որակավորման բժիշկները, դասավանդողները, ճարտարագետները, ճարտարապետները և հարակից մասնագետները: Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը հարցազրույցում ներկայացրել է մանրամասներ զբաղվածության գործակալության կատարած աշխատանքներից և ձեռքբերումներից, աշխատաշուկայի միտումներից:

-Տիկին Բեժանյան,  վերջին տարիների դինամիկան ի՞նչ է ցույց տալիս, գործազուրկների 

կառուցվածքում որքա՞ն է կազմում երիտասարդների թիվը:

-Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2019թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գործազուրկների թիվը կազմում է 61.9 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 21 տոկոսը կամ 13 հազար մարդ: Նախորդ տարիներին այս ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 24.3 տոկոս՝ 2017թ. և 21.4 տոկոս՝ 2018-ին:

Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդները, որպես կանոն, դժվարանում են աշխատանք գտնել: Ձեր վերլուծություններն ի՞նչ են 

ցույց տալիս, խնդիրը  գործատուների՞ դաշտում է,  թե՞  երիտասարդների:

-Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 26.2 հազար մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 38.8 տոկոս: Նշված խնդիրը և՛ երիտասարդների և՛ գործատուների դաշտում է: Աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության դժվարությունները և գործազրկության բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված են մի քանի գործոններով: Նախ՝ աշխատանքային փորձի պակասն է կամ բացակայությունը, ինչպես նաև գործատուների կողմից երիտասարդ աշխատուժի նկատմամբ ներկայացվող պահանջներն են՝ փորձառություն, բարձր մասնագիտական որակներ, մասնագիտությունից զատ այլ «փափուկ» հմտություններ:

Հաջորդը մասնագիտություն ընտրելիս աշխատաշուկայի պահանջներին անտեղյակությունն է, որը գալիս է մասնագիտական կողմնորոշման համակարգի անկատարությունից: Դեռևս շարունակվում է երիտասարդների մասնագիտության ընտրությունը այսպես կոչված «ավանդական» մեթոդներով՝  ծանոթների, բարեկամների, ծնողների խորհրդով կամ էլ աշխատաշուկայում մոդայիկ դարձած մասնագիտության ընտրությունով, որի հետևանքով ուսումն ավարտելուց հետո կամ համալրում են գործազուրկների բանակը կամ ստիպված ձեռք են բերում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն՝ վատնելով ժամանակ ֆինանսական միջոցներ:

Երիտասարդների մուտքը աշխատաշուկա դժվարացնում է նաև կրթական ծրագրերի անհամապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին: Արագ փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին զուգընթաց դեռևս համարժեք արագությամբ չեն վերանայվում կրթական ծրագրերը: Պետք է նշել նաև աշխատանքի նկատմամբ մոտիվացիայի պակասը` պայմանավորված ցածր աշխատավարձով, աշխատանքային պայմաններով, որի պատճառով շատ հաճախ երիտասարդները խուսափում են իրենց ստացած մասնագիտությամբ աշխատել՝ նախընտրելով ցանկացած այլ բարձր վարձատրվող աշխատանք:

Գյուղական շրջաններում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի բացակայությունը կամ սահմանափակ լինելը նպաստում է երիտասարդների գործազրկությանը, ինչն իր հերթին առաջ է բերում միգրացիոն երևույթներ: Խնդիր է նաև գյուղական երիտասարդության համար կրթության մատչելիության ցածր մակարդակը:
– Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ

ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, ինչն ուղղված է առաջին անգամ շուկա մուտք գործող երիտասարդներին: Կմանրամասնե՞ք ծրագրի էությունը, և խնդրեմ ներկայացրեք

 ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել:

-Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում երիտասարդին ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերել: Ծրագրի տևողությունը 3 ամիս է: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում գործատուին փոխհատուցվում է գումար՝ շահառուին նվազագույն աշխատավարձ վճարելու, հարկերը, սոցիալական վճարները կատարելու համար: Բացի այդ ծրագրի իրականացման ընթացակարգում կատարված փոփոխությունների համաձայն 2020թ. հունվարի մեկից ծրագրի շրջանակներում պրակտիկան կազմակերպող աշխատակցին կվճարվի գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:  2019թ. նոյեմբերի 20-ի դրությամբ ծրագրում ընդգրկվել է 362 երիտասարդ: Նախորդ տարիներին իրականացված ծրագրերի արդյունքները ցույց են տալիս, որ ընդգրկվածների շուրջ 50 տոկոսը ծրագրի ավարտից հետո տեղավորվում են աշխատանքի:

Քիչ չեն նաև այդ երիտասարդները, որոնք հմտությունների,

 մասնագիտության բացակայության պատճառով շարունակում են 

անմրցունակ մնալ: Ասացեք խնդրեմ, նոր հմտություններ ձեռքբերելու

առումով երիտասարդներին

ուղղված ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում և որքանո՞վ են դրանք 

արդյունավետ:

-Զբաղվածության պետական գործակալությունը յուրաքանչյուր տարի Զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրի շրջանակներում իրականացնում երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք նպաստում են աշխատանքի տեղավորման կամ ինքնազբաղված դառնալու հնարավորությունների մեծացմանը: Դրանց թվում է մասնագիտական ուսուցման ծրագիրը: Ծրագրի տևողությունը  մինչև 5 ամիս է: Ծրագրի ժամանակահատվածում մասնակցին վճարվում է կրթաթոշակ ամսական նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: 2019թ. մասնագիտական ուսուցում է կազմակերպվել  աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 22 մասնագիտության գծով:

Զբաղվածության կարգավորման ևս մեկ ծրագիր ուղղված է առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակներում նշված խմբի շահառուն մասնագիտական ուսուցում է անցնում աշխատանքի վայրում: Ծրագրի տևողությունը մինչև 6 ամիս է: Ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է կրթաթոշակ՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով, գործատուին գումար՝ նյութածախսի և ուսուցումը կազմակերպող մասնագետին վճարելու համար:

Մեկ այլ ծրագիր խրախուսում է գործատուին, որը համաձայնվում է առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքի վերցնել հմտությունների և կարողությունների պակաս ունեցող աշխատաշուկայում անմրցունակ անձին: Ծրագրի շրջանակներում գործատուին միանվագ փոխհատուցվում է գումար՝ 50000-200000 դրամի սահմաններում՝ տվյալ աշխատատեղի համար անհրաժեշտ կարողությունները և հմտությունները արդեն իր աշխատող հանդիսացող անձին աշխատատեղում փոխանցելու նպատակով:

Տարվա ընթացքում կազմակերպվել է նաև 8 աշխատանքի տոնավաճառ հանրապետության տարբեր քաղաքներում, որին մասնակցել էր շուրջ 11 հազար աշխատանք փնտրող, որոնց գերակշռող մասը երիտասարդներ են:

 Ի դեպ, առաջիկայում, նոյեմբերի 27-ին «Երևան Էքսպո» կենտրոնում կազմակերպվում է հերթական աշխատանքի  տոնավաճառը, որտեղ ներկայացված են թափուր աշխատատեղեր՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից:  2019թ.տարեսկզբից ծրագրերում ընդգրկվել է շուրջ 800 երիտասարդ, որը կազմում է ծրագրերում ընդգրկված շահառուների շուրջ 16 տոկոսը:

Արդյո՞ ք   2020 թվականի համար նախատեսում եք այս ծրագրերն ընդլայնել կամ 

միգուցե երիտասարդներին ուղղված նոր նախաձեռնություններ ունեք:
-2020թ. զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված է իրականացնել  14 ծրագիր, որոնցում կընդգրկվի 6865 շահառու: Բոլոր ծրագրերում նախատեսված է ընդգրկել նաև երիտասարդներ:
-Ո՞ր ոլորտներում  ունենք ավելի շատ թափուր աշխատատեղեր և ո՞ր

 մասնագիտություններն են շարունակում մնալ պահանջված:

 -Գործատուների կողմից ամսվա ընթացքում ներկայացված թափուր աշխատատեղերի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձր որակավորման բժիշկները, դասավանդողները, ճարտարագետները, ճարտարապետները և հարակից մասնագետները: Միջին որակավորման՝ ֆինանսների և առևտրի բնագավառների աշխատողները, առևտրական-առևտրային ծառայությունների գործակալները, պետական ծառայությունների, միջին բժշկական անձնակազմի (օժանդակ) աշխատողները (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության),  արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողները: Գրասենյակների ծառայողներից՝ գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, հաճախորդների իրազեկմամբ զբաղված ծառայողները: Շարունակում են պահանջված մնալ սննդի, մանածագործական արդյունաբերության բանվորները,  մորթեգործները, կաշեգործները և կոշկարները,  շինարարական և շինվերանորոգման աշխատանքների բանվոր–հարդարողները, կաղապարողները, եռակցողները, դարբինները, գրտնակողները, կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի նախապատրաստողները, և հարակից զբաղմունքների մասնագետները, ինչպես նաև քիմիական արտադրանքի արտադրության մեքենաների և սարքավորումների օպերատորները, մեքենավարները և ապարատավարները, մանածագործվածքի (տեքստիլի), կաշվի, մորթու վերամշակման և դրանցից իրերի արտադրության սարքավորումների օպերատորները, ապարատավարները և մեքենավարները, ավտոմոտորատրանսպորտի վարորդները:

Հակոբ Քելեշյան

3-րդ կուրս

Կիսվել