«Ես մթությունից եմ ամենաշատը վախենում, թվում ա, թե հեսա մեկը կմտնի սենյակս, դրա համար գիշերը քնելուց մամաս մնում ա սենյակում, մինչև քնեմ»,- ասում է 5-ամյա Լիան։
Կան վախերի մի քանի տեսակներ. կպչուն վախեր` որոնք երեխաները զգում են որոշակի իրավիճակներում, դրանց շարքին է դասվում, օրինակ, վախը բարձրությունից, փակ կամ բաց տարածքներից և այլն: Ցնորային վախեր` սա վախերի ամենադժվար տեսակներից է, օրինակ, երեխան կարող է վախենալ կոշիկները հագնել, քանի որ նա դրանցով ընկել և վնասվել է: Հիմա էլ վախենում է, որ եթե հագնի նույն հագուստը կամ խաղա նույն խաղալիքով, վտանգավոր իրավիճակը կարող է կրկնվել: Գերարժևորված վախեր` սրանք մանկական վախերի ամենատարածված տեսակներն են և կապված են երեխայի ֆանտազիաների հետ:
Դեպքերի 90%-ի դեպքում դրսևորվում է մանկական վախերի հենց այս տեսակը: Այսպիսի վախերի վրա, որպես կանոն, երեխաները սևեռվում են և չեն կարողանում դուրս մղել սեփական երևակայությունից: Վախերի այս շարքին կարող են դասվել վախը մթությունից, որտեղ երեխայի երևակայությունը ստեղծում է սարսափելի կախարդներ, հեքիաթային կերպարներ: Կան վախեր, որոնք միաժամանակ երկու խմբերի են դասվում` օրինակ, վախը ջրից կարող է դասվել և՛ կպչուն, և՛ գերարժևորված վախերի շարքին: Եթե, օրինակ, երեխան երբևէ ջրում հայտնվել է վտանգավոր իրավիճակում և այժմ վախենում է ջրից, ուրեմն դա կպչուն վախ է, իսկ եթե ոչ, ապա ուղղակի գերարժևորված:
Այն ծնողները, ովքեր վախի խնդրով երեխաներ ունեն և չգիտեն ինչպես վարվել նրանց հետ, հոգեբան Մարիամ Մելքումյանը խորհուրդ է տալիս՝ ինչպես հաղթահարել մանկական վախերը. «Անհրաժեշտ է երեխային օգնել հաղթահարելու սեփական վախը: Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնք կօգնեն ծնողներին աշխատելու երեխաների մանկական վախերի հետ: Նախ և առաջ անհրաժեշտ է խոսել երեխայի հետ, սակայն այս մեթոդը կգործի երեքից բարձր տարիքի երեխաների մոտ, քանի որ արդեն զարգացած է խոսքը: Ցանկալի է դա կատարել հանգիստ միջավայրում՝ նստելով մոտ կամ ուղղակի գրկելով: Զրույցը պետք է վարել առանց շտապելու և երեխայից սպասել այնպիսի պատասխաններ, ինչպիսիք են «այո», «ոչ», «վախենում եմ», «չեմ վախենում»: Փորձեք երեխայի հետ քննարկել իր վախը․ երեխային տվեք հնարավորություն խոսելու իր զգացողությունների մասին, ինչքան շատ երեխան նկարագրի իր վախը, այնքան շուտ կազատվի դրանից»։ Հոգեբանի խոսքերով` հետաքրքիր մեթոդ է նաև հեքիաթը. «Միասին հորինեք հեքիաթ, որտեղ ավարտին պարտադիր հերոսը հաղթահարում է վախը: Վախը նկարելը ամենատարածված և գործող մեթոդներից է, որից հետո երեխայի հետ համատեղ նկարված թուղթը վառվում է և երեխային բացատրվում, որ վախն այլևս չկա: Ընթացքում պետք չէ մոռանալ երեխային գովաբանել, թե ինչքան ուժեղ է նա, որ հաղթեց վախին»:
Պետք չէ երեխայի գանգատները անտեսել և չօգնել հաղթահարել մանկական վախերը․ երեխայի վախերին պետք է մոտենալ ըմբռնումով, իսկ եթե զգում եք, որ ինքնուրույն ի վիճակի չեք, ապա պետք է դիմել մասնագետի։ Կան մի շարք վախեր, որոնց դրսևորումը որոշակի տարիքային շրջանում համարվում է նորմա։ Դարձեք ձեր երեխայի ընկերը և ավելի հեշտ կլուծեք երեխայի զարգացման ընթացքում ծագող խնդիրները։
Սյուզաննա Ավագյան
4-րդ կուրս