Կավագործությունը Հայաստանում հայտնի է շատ հին ժամանակներից։ Հայ վարպետները նվիրվում են իրենց աշխատանքին՝ փորձելով պահպանել և խթանել այս արհեստի զարգացումը։ Այս շաբաթ մենք Դիլիջանում էինք և հյուրընկալվեցինք կավագործ և նկարիչ Վահագն Դավթյանի տանը։
– Վահագն, մասնագիտությամբ նկարիչ եք, սակայն զբաղվում եք նաև կավագործությամբ։ Երբվանի՞ց այս արհեստը սկսեց Ձեզ հետաքրքրել։
-2008 թվականին եկա բանակից, և իմ կուրսընկերուհին առաջարկեց գնալ Ապարան մեկ շաբաթյա սիմպոզիումին մասնակցելու։ Այնտեղ առաջին հերթին կավագործության դասընթացներ եղան, որտեղից էլ ծնվեց իմ հետագա հետաքրքասիրությունը դեպի կավը։ Մեկ շաբաթ անց, երբ վերադարձանք իմ մտքից դուրս չէր գալիս կավի հետ աշխատանքը, և այն ինձ հոգեհարազատ դարձավ։ Հետո ես իմացա, որ Դիլիջանում հարուստ կավեր ունենք։ Ընկերոջս հետ գնացինք պեղումների ու կավը գտնելուց հետո սկսեցինք մշակել։ Եվ սեփական տարածքի հումքն էլ եղավ մեր հաջողությունը, քանի որ տարածաշրջանում առանձնանում էինք մեր կատարած աշխատանքով։
– Կավագործությու՞ն, թե՞ նկարել․ ո՞րն է Ձեզ համար առաջին տեղում։
– Սկզբից շատ եմ սիրել նկարել, բայց երբ երկար ժամանակ նկարում ես, իսկ հետո փոխում ես, մեկ էլ քո ընտրած մեկ այլ մասնագիտությամբ ես զբաղվում, դա արդեն ուրիշ է։ Ինձ հիմա հոգհարազատ է կավը։
– Կավից պատրաստված իրերի պահանջարկն այսօր նվազու՞մ է, թե՞ աճում։
– Կարող եմ ասել, որ բավականին աճել է։ Այս տարի Երևանում ցուցահանդես-վաճառքի մասնակցեցի, ու կային շատ կավագործներ, բրուտագործներ, ովքեր ունեին բավականին լավ աշխատանքներ։ Եվ հանրությունն այդ ամենը գնահատում էր։ Ինքս էլ վաճառեցի և նույնիսկ մարդիկ կային, որ վերցրին իմ հեռախոսահամարը՝ զանգելու և պատվերներ տալու նպատակով։ Եվ եղան մարդիկ, ովքեր զանգեցին, պատվիրեցին, նույնիսկ եկան իմ արհեստանոց և մասնակցեցին աշխատանքներին։ Մարդիկ սիրեցին կավը։
– Դուք հաճա՞խ են պատվերներ ունենում։
– Երբ քեզ ճանաչում են, նաև վստահում են։ Պատվերներ շատ եմ ունենում հենց մեր մարզից։ Նախկինում աշխատանքներիս մեծամասնությունը հուշանվերների տեսքով էին, որոնք կենցաղում կիրառելի չէին։ Սակայն, մի քանի անգամ տարբեր բաժակներ և ափսեներ պատվիրեցին ռեստորաններից, որից հետո սկսեցի առօրյայում հաճախ օգտագործվող իրեր պատրաստել։ Հիմա էլ սեղանիս մեծ և փոքր բաժակների պատվերներ կան դրված։
– Այս աշխատանքով կարելի՞ է բավարար գումար վաստակել արժանապատիվ կյանք ունենալու համար։
– Հիշում եմ ինձ, երբ նոր էի սկսում պատրաստել, նորմալ չէի կարողանում վաճառել։ Երբ նորեկ ես, ցանկացած բնագավառում ժամանակ է պետք, որ քեզ ընդունեն ու հավատան։ Աշխատանքներս նվիրում էի ընկերներիս, հարազատներիս։ Սակայն տարիների ընթացքում ամեն ինչ փոխվեց, և իմ աշխատանքն էլ ավելի գնահատվեց, քան ես սպասում էի։ Կարծում եմ՝ եթե դու ամբողջությամբ նվիրվում ես քո գործին, ունենում ես և՛ արդյունք, և՛ վաստակում կատարած գործիդ արժանի։ Եվ ինչու չէ, անկասկած, ընտանիք կարող ես պահել։
– Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցում եք դասավանդում։ Ինչպե՞ս է փոքրերի մոտ ստացվում կավագործությունը։
– Երեխաների հետ հետաքրքիր է անցնում, որովհետև նրանք շատ պարզ են ու չեն վախենում։ Օրինակ բաներ կա՝ զգույշ եմ անում, որ ծուռ չլինի, բայց երեխեքը շատ ռիսկով են աշխատում։ Պետք է այնպես անես, որ կավը քեզնից վախենա, այլ ոչ թե դու՝ կավից։ Նրանք հենց այս ձևով են առաջնորդվում կավի հետ աշխատելիս։ Շատ մեծ ոգևորությամբ երեխեքը գալիս են դասերին ու սրտանց են մոտենում իրենց ցանկացած գործին։
– Կավագործությամբ հետաքրքրվող երիտասարդների թիվը ևս գնալով աճում է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված։
– Կավի հնարավորությունները շատ մեծ են, երիտասարդների մտքերն էլ՝ ավելի ծավալուն։ Եթե այդ գաղափարները դնես կավի հետ կատարվող աշխատանքների հետ, ապա հաստատ կստանաս յուրահատուկ իր։ Ինքս շփվում եմ սկսնակ կավագործների հետ ու կարող եմ ասել, որ նրանք ինձ շատ են զարմացնում իրենց աշխատանքներով։
Անի Թամրազյան
2-րդ կուրս