«ՄՏԱԾԵԼ ԵՄ՝ ԿԱՐՈՂ Է ՆՐԱՆՔ ԷԼ ԿԵՆԴԱՆԱՆԱՆ, ՇՈՒՆՉ ԱՌՆԵՆ, ԵՎ ՄԻ...

«ՄՏԱԾԵԼ ԵՄ՝ ԿԱՐՈՂ Է ՆՐԱՆՔ ԷԼ ԿԵՆԴԱՆԱՆԱՆ, ՇՈՒՆՉ ԱՌՆԵՆ, ԵՎ ՄԻ ՊԱՀ ՎԱԽԵՑԵԼ ԵՄ». ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉ- ԴԻԶԱՅՆԵՐԸ՝ ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1284

Տիկնիկներ պատրաստելը նրա համար այլևս երազանք չէ։ Իսկ արվեստի  ճյուղերին տիրապետելը նրա ապրելակերպն է դարձել։ Երիտասարդ նկարիչ-դիզայներ Հարություն Գրիգորյանն արդեն աշակերտներ ունի։

Հարություն, արվեստի մի շարք ճյուղերի ես տիրապետում, սակայն քեզ համար ամենահարազատը տիկնիկագործությունն է։

-Այո°, ես զբաղվում եմ խեցեգործությամբ, կարպետագործությամբ, գորգագործությամբ և այլն, բայց տիկնիկագործությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քանի որ ինքնուրույն եմ սովորել, ինձ ոչ ոք չի օգնել։

Գիտեմ, որ տիկնիկագործություն սովորելու համար դիմել ես վարպետների, բայց մերժում ես ստացել։ Ինչո՞ւ մերժեցին քեզ։

-Ես հաճախակի այցելում էի Վերնիսաժ, ու ինձ շատ էին գրավում այնտեղի տիկնիկները։ Ես երազում էի, որ մի օր ես էլ կկարողանամ պատրաստել տիկնիկներ։ Դիմեցի մի քանի տիկնիկագործների, ովքեր նաև վաճառում էին իրենց աշխատանքները և խնդրեցի նրանց, որ ինձ սովորեցնեն թեկուզ մեկ տիկնիկ պատրաստել։ Ասացի, որ պատրաստ եմ վճարել որքան ասեն, միայն թե սովորեի։ Բոլորը ինձ մերժեցին՝ ասելով․ «Դու քո բիզնեսը կվաճառե՞ս ուրիշին»։

Բայց ամեն դեպքում դու սովորեցիր պատրաստել, ինչպե՞ս ։

-Մի օր անցնում էի խանութի կողքով ու այնտեղ տեսա տարազային հետաքրքիր կտորներ։ Մտա խանութ, վերցրեցի երկու տեսակի տարազի կտոր ու եկա տուն։ Չգիտեի՝ ինչ է պետք անել, որտեղից սկսել։ Ուղղակի փորձեցի տիկնիկ պատրաստել իմ պատկերացրած ձևով, և ստացվեց շատ լավ։

Տիկնիկներդ բավականին թանկ գնով էիր վաճառում սկզբում։ Ո՞րն էր պատճառը։

-Կփորձեմ անկեղծ պատասխանել։ Ես շատ դժվարությամբ եմ բաժանվում իմ տիկնիկներից։ Երբ իմ դիմաց դնում եմ թելեր, կոճակներ և սկսում  շունչ տալ դրանց, իրենք դառնում են փոքրիկ կերպարներ։ Երբ տիկնիկներս շատ էին ու տանը տեղ չկար պահելու, հարազատներս ու ընկերներս էլ խորհուրդ էին տալիս վաճառել, ես սկսեցի նաև վաճառքով զբաղվել։ Թանկ էի վաճառում, որպեսզի չգնեին, ու ես չբաժանվեի իմ տիկնիկներից։

-Ի՞նչ հետաքրքիր պատմություններ կան տիկնիկների մասին։

– Երբ աղջիկը պետք է ամուսնանար, ամուսնությունից մեկ օր առաջ, աղջկա մայրիկը կամ տատիկը թաքուն տիկնիկ էին պատրաստում աղջկա համար, որը կոչվում էր «օժիտի հարս»։ Տիկնիկին դնում էին աղջկա օժիտի մեջ։ Երբ աղջիկը ամուսնու տանը տխրում էր, մտնում էր իր սենյակ, վերցնում տիկնիկը, պատմում իր հույզերի մասին և հանգստանում։ Այն ժամանակներում մտածում էին, որ տիկնիկները կարող են կենդանանալ, այդ պատճառով էլ տիկնիկի որևէ հատված անավարտ էին թողնում։ Հիմնականում բերանն էին կիսատ թողնում, որպեսզի չկարողանա պատմել լսածն ու տեսածը։

– Իսկ դու երբևէ մտածե՞լ ես, որ քո տիկնիկները կարող են կենդանանալ։

– Երբեմն եղել են այնպիսի պահեր, երբ արհեստանոցում եղել եմ միայնակ, իմ դիմաց եղել են իմ տիկնիկները, և ես հիշել եմ հնուց եկած տիկնիկների պատմությունը։ Մտածել եմ՝ կարող է նրանք էլ այս պահին կենդանանան, շունչ առնեն, և մի պահ վախեցել եմ, քանի որ չեմ իմացել, ինչպիսի հոգի կունենան նրանք՝ բարի, թե չար։ Սակայն հասկացել եմ՝ եթե նրանք կենդանանան, կլինեն բարի, քանի որ ես նրանց պատրաստել եմ սիրով և շատ բարի հոգով։

Քո բազմազբաղ կյանքում հասցնում ես նաև խոտաբույսերով օճառներ պատրաստել։

-Ճիշտ է, ոչ միայն խոտաբույսերից, այլև հայկական բնական ծաղիկներից, տարբեր մրգերից, մեղրից։ Դրանք շատ օգտակար են մաշկի համար։

Դեռ երիտասարդ ես, բայց արդեն աշակերտներ ունես։ Տիկնիկագործություն ինքդ ես սովորել և ինչպես ինքդ նշեցիր՝ մի շարք վարպետներ չեն ցանկացել կիսվել իրենց գիտելիքներով։ Այժմ դու սովորեցնո՞ւմ ես քո աշակերտներին տիկնիկագործություն։

-Այո՛, ունեմ առանձին տիկնիկագործության խմբակ։ Պետք չէ, որ մարդ պահի իր գիտելիքներն իր մեջ։ Ես գտնում եմ, որ պետք է կիսվել գիտելիքներով հետագա սերնդի հետ։ Որովհետև կարող է այդ սերնդի մեջ լինի ինձ նման որևէ մեկը, ով կկարողանա դառնալ լավ տիկնիկագործ կամ լավ մարդ այս կյանքում։

Էլիզա Գալուստյան

2-րդ կուրս

Կիսվել