Հայկական CodeTrace ստարտափը հեշտացնում է ծրագրավորողներին աշխատանքի ընդունելու գործընթացը, օգնում է պարզել նրանց գիտելիքները հաշված րոպեների ընթացքում: Իսկ թե ինչ առավելություններ է տալիս այն,և ինչպես կարող ենք օգտվել ստարտափից, մեզ հետ զրույցում պարզաբանել է ստարտափի համահիմնադիր Հայկ Հովհաննիսյանը:
-Ինչպե՞ս առաջացավ նման ստարտափ ստեղծելու գաղափարը:
– Սկզբնական միտքը եկել է այնտեղից, երբ LinkedIn սոցիալական ցանցում առնչվեցի այն խնդրին, որ հնարավոր է մուտքագրել ցանկացած skill (հմտություն), որը կարող է չհամապատասխանել տվյալ մարդու իրական հմտություններին: Եվ այստեղից էլ եկել է գաղափարը, որ պետք է ապացուցել, որ մարդն ունի ինչ-որ գիտելիք: Ստարտափը հենց դա էլ անում է. փորձում է ստեղծել մարդու պրոֆիլը իր գիտելիքների հիման վրա:
– Արդյո՞ք ստարտափից կարող են օգտվել միայն ծրագրավորողներին աշխատանքի ընդունելիս:
– Մասնագիտությունների առումով սահմանափակ է: Իրականում, մտադրություն չունեինք այլ մասնագիտությունների վրա ևս կենտրոնանալու: Ուշադրության կենտրոնում են նրանք, ովքեր տարբեր կոդերի հետ են աշխատում: Իսկ ծրագրավորողների դեպքում գործընթացը հեշտացել է նրանով, որ մարդը կարող է ունենալ կոդ, որը համացանցում ինչ-որ մի տեղ հրապարակված է:Այդ կոդի հիման վրա կարելի է պարզել,թե տվյալ մարդն ինչ գիտելիքներ ունի:
– Իսկ ստարտափն ի՞նչ առավելություններ է տալիս գործատուներին, ինչն առանց ստարտափի դժվար կլիներ իրականացնել:
– CodeTrace-ի միջոցով մի քանի անգամ կրճատվել է նոր ծրագրավորողների աշխատանքի վերցնելու գործընթացը, քանի որ գործատուն կարող է տեսնել մարդու գիտելիքները մինչև նրա հետ հարցազրույց անցկացնելը: Պարզապես պետք է գրանցվել հարթակում: Ընդհանուր բազայում կան մարդիկ, ովքեր այդ պահին աշխատանք են փնտրում, և մենք կարողանում ենք նրանց կապել գործատուի հետ:
– Իսկ կարո՞ղ է որևէ մեկն իր տվյալները չափազանցված մուտքագրել:
Այստեղ դու ոչինչ չես կարող չափազանցնել, քանի որ ոչինչ ձեռքով չես մուտքագրում. ամեն ինչ ծրագիրն է անում: Այն, հիմնվելով քո մուտքագրած կոդի վրա, ստանում է գիտելիքներիդ չափը:
–Իսկ ինչպե՞ս և ու՞մ կողմից է իրականացվում ֆինանսավորումը:
– Այս պահին դրսից ոչ մի ֆինանսավորում չկա: Եթե ինչ-որ բան անհրաժեշտ է լինում ներդնել, անձամբ եմ ներդնում: Ստարտափից օգտվելիս գործատուներն իրենք են անում վճարումները, իսկ գումարի չափը կախված է տվյալ կազմակերպության մեծությունից, և նրանից, թե վերջինս, որ երկրից է: Գնային առումով դեռ տատանվում ենք, քանի որ այն նոր է, փորձում ենք գինը հստակեցնել` հասկանալու համար, թե որ գինն է, որ ավելի ձեռնտու կլինի թե՛ հաճախորդին, թե՛ մեզ:
– Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ բացի կազմակերպությունների համար նախատեսված փաթեթներից, կան նաև անհատների համար նախատեսված փաթեթներ: Ի՞նչ տարբերություններ կան այս փաթեթների միջև:
– Իրականում կան տարբերություններ, քանի որ անհատները կարիք չունեն համագործակցելու ուրիշ անհատների հետ, իսկ կազմակերպության համար նախատեսված փաթեթում հնարավորություն կա, որ մի քանի աշխատող միաժամանակ նույն տվյալներից կարող է օգտվել: Եվ,բնականաբար, կա նաև գնային տարբերություն: Մենք փորձում ենք թե՛ գործատուների, թե՛ ծրագրավորողների կյանքը հեշտացնել:
Էլիզա Գրիգորյան
2-րդ կուրս