««ԴԼԵ ՅԱՄԱՆ»-Ը ԴԻՍԿՈ ՌԵՄԻՔՍ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ»․ ԼԻԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

««ԴԼԵ ՅԱՄԱՆ»-Ը ԴԻՍԿՈ ՌԵՄԻՔՍ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ»․ ԼԻԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

977

Հայկական մշակույթը սիրողներից եւ տարածողներից է 26-ամյա Լիաննա Ստեփանյանը, ով  դեռ մանկուց տարված է եղել երգ-երաժշտությամբ: Նա հաճախել է «Դո ռե մի» երգի ստուդիա, իսկ 2013 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը: Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազային-էստրադային բաժին: Այնուհետեւ տեղափոխվել է ժողովրդական երգեցողության բաժին: Երիտասարդ երգչուհին 2018 թվականին գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան։

Լիաննա, ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ, չէ՞ որ բեմից երգչուհու կատարումը լսելով չես կարող ճանաչել բնավորությունը:

-Կարծում եմ՝ հանդիսատեսն ուշադրության դեպքում կարող է իր համար որոշակիորեն ուրվագծել տվյալ երգիչ-կատարողի տեսակը, բնավորությունը՝ շարժումներից, ժեստերից:

Իսկ եթե ինձ նկարագրեմ․ մշտապես առավելագույնս պահանջկոտ եմ սեփական անձիս հանդեպ, եթե հարցը վերաբերվում է սիրածս աշխատանքին, պատրաստ եմ ուժասպառ անել ինձ:

Ինչպե՞ս որոշեցիր ընտրել այս մասնագիտությունը ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:

-Ըստ իս, մարդու մասնագիտական ընտրության առաջին նախանշաններն ի հայտ են գալիս դեռեւս փոքր տարիքում՝ խաղերի ժամանակ: Երբ հայացք եմ նետում մանկություն, ապա մասնագիտությանս հարցում չեմ սխալվել: Երբ իմ տարեկիցները պահմտոցի էին խաղում, ես խաղում էի համերգ-համերգ, թատրոն-կինո: Մանկության շրջանում ավելի հակված էի դերասանուհի դառնալ, երազում էի թատերական խմբակ հաճախելու մասին, բայց փոխարենը սկսեցի հաճախել երգի, եւ ամեն ինչ շրջվեց:

Ինչո՞ւ որոշեցիք ընտրել ժողովրդական երգը, չէ՞ որ դա բավականին բարդ կատարում է  պահանջում:

-Թեեւ շատերի կարծիքով ժողովրդական արվեստը համարվում է նաիվ արվեստ, բայց եթե փորձենք խորանալ նրա շերտերի մեջ, մի ամբողջ գունապնակ կտեսնենք, կբացահայտենք նրա հարուստ պաշարը, կատարողական բարդագույն ձեւերը, չնայած այն բանի, որ ժողովրդական արվեստը, երգարվեստը ստեղծվել է հասարակ և երաժշտական առումով ոչ կիրթ կոլեկտիվի կողմից:

Պետք է ասեմ, որ դրդապատճառներից մեկը, որը հետաքրքրություն ստեղծեց ինձ մոտ հենց այս արվեստի նկատմամբ, ժողովրդական երգերի կատարողական տեխնիկայի բարդությունն էր, ինչը երգչին ստիպում է անընդհատ մարզել կոկորդը: Բացի այդ, այս ոճում կատարելիս երգիչ-կատարողը լայն հնարավորություններ ունի իմպրովիզացիաներ կատարելու, ինչը ամեն անգամ միջավայր է ստեղծում ստեղծագործաբար մոտենալու ամեն երգի: Հենց փոքրուց էլ իմ ներսում զգացել եմ ժողովրդական երգի մասնիկը, որը ժամանակի ընթացքում գնաց դեպի հասունացում:

Ժողովրդական երգերը մատուցվում են նոր, ժամանակակից գործիքավորմամբ ինչպե՞ս եք վերաբերում դրան։

-Ժողովրդական, ինչպես նաեւ աշուղական երգերը նորատիպ գործիքավորմամբ մատուցելը մեր օրերում համարում եմ անհրաժեշտ եւ բնական: Կարծում եմ՝ երաժշությունը պետք է ժամանակի հետ համընթաց քայլի: Բայց երաժշտության հնարավորությունները որքան էլ անսահման են, այնուամենայնիվ, պետք է եզրագիծը չանցնել, եւ, իհարկե, կան երգեր, որոնց փոփոխության ենթարկելն անհարիր է՝ ինչպես օրինակ «Դլե յաման» երգը , որը վերջերս լսել եմ դիսկո ռեմիքս տարբերակով: Կարծում եմ՝ նմանատիպ երգերին նման կատարողական մեկնաբանություն տալը ոչ մի բանով արդարացված չի կարող լինել:

Գիտեմ, որ ունեք ձայնագրություններ, ովքե՞ր են ձեզ օգնում:

-Երգերի կայացման գործում ֆինանսապես օգնում է հայրս, առանց նրա աջակցության չէի կարող, ով, չնայած դեմ էր իմ մասնագիտությանը, բայց նույնպես երաժիշտ է: Իսկ երգերի գործիքավորման եւ ձայնագրման աշխատանքների հետ կապված համագործակցում եմ տաղանդավոր երաժիշտ-գործիքավորող Տարոն Ավետիսյանի հետ, ինչպես նաեւ այնպիսի տաղանդավոր ու սիրված նվագակցող-երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Վարդան Բաղդասարյանը, Արտակ Դավթյանը, Ավագ Մարգարյանը, Նորայր Գափոյանը, Տիգրան Հովհաննիսյանը եւ այլք, որոնց ուզում եմ եւս մեկ անգամ հատուկ շնորհակալությունս հայտնել:

 Ո՞ր դեպքում կթողնեք երգարվեստը։

-Թողնել երգելը … դա միայն ու միայն կարող է լինել ձայնի թանկ կորստի դեպքում: Շատ կարճ ժամանակ զբաղվել եմ նաեւ մանկավարժությամբ, եւ քանի որ շատ սիրեցի երեխաների հետ աշխատանքը, պատրաստվում եմ վերադառնալ նաեւ այդ աշխատանքին:

Ո՞րն է ձեր կյանքի ամենամեծ երազանքը:

-Ամենամեծ երազանքս երաժշտական բարձրագույն կրթություն ստանալն էր: Հիմա այն կարող եմ իրականացված համարել: Արդեն երեք գերազանցության դիպլոմ ունեմ։ Աշխատում եմ ամեն ինչ իրականություն դարձնել՝ ցուցաբերելով աշխատասիրություն: Հիմա ամենամեծ երազանքս է թռչել օդապարիկով:

Առջեւում ի՞նչ անելիքներ ունեք:

-Կանեմ ամեն ինչ, որպեսզի լինեն նոր երգեր, ձայնագրություններ, բայց առայժմ ինչ-ինչ առողջական խնդիրների պատճառով վերականգնման փուլում եմ գտնվում, դեռեւս դժվարանում եմ ելույթ ունենալ, նույնիսկ վերջերս կայացան համերգներ, որոնց չկարողացա մասնակցել: Հուսով եմ՝ շուտով լիարժեք կապաքինվեմ:

Սվետլանա Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել