ՇՈՒՐՋ 1000 ԸՆՏԱՆԻՔ ԵԿԱՄՈՒՏԻ ԿԱՅՈՒՆ ԱՂԲՅՈՒՐ ԿՈՒՆԵՆԱ

ՇՈՒՐՋ 1000 ԸՆՏԱՆԻՔ ԵԿԱՄՈՒՏԻ ԿԱՅՈՒՆ ԱՂԲՅՈՒՐ ԿՈՒՆԵՆԱ

925

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աղքատության հաղթահարման» ծրագրի շրջանակներում, շուրջ 1000 ընտանիք անասնապահության միջոցով կայուն եկամուտի աղբյուր կունենա:Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ:

Փոխնախարարը մանրամասնեց, որ ծրագրում առաջնահերթ ընդգկված են 2-3 անչափահաս երեխա ունեցող նպաստառու ընտանիքները, որոնց մեծամասնությունն արդեն իսկ զբաղվում է անասնապահությամբ: Առանձնացվել են 3000-ից ավելի ընտանիքներ, որոնցից 1000-ի ընտրությունը կատարվում է: Ընտրությունը արվում է սոցիալական աջակցության և զբաղվածության գործակալության տարածքային մարմինների  համատեղ աշխատանքի միջոցով:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում անասնագլխաքանակ ստացած ընտանքիների նկատմամբ սահմանվելու է վերահսկողություն․  նախարարության աշխատակիցները պարբերաբար այցելելու են ընտանիքներ եւ ստուգելու են կենդանիների առողջական վիճակը և ընտանիքի կողմից կատարված աշխատանքները: Տրամադրված կենդանիների վաճառքի դեպքում էլ սահմանված է տուգանք՝ մինչև տրամադրված գումարի ամբողջական վերադարձ։

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ անասնապահությունն առաջին ուղղությունն է, որով նախարարությունն ընտանիքներին կայուն եկամուտներ ապահովող ծրագիր է նախատեսել: Երկրորդ ուղղությունը լինելու է օրենսդրական դաշտում՝ շրջանառության մեջ է դրվել պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ, որի շրջանակներում սոցիալական աշխատողն առանձին ընտանիքների հետ   հմտությունները հասկանալու միջոցով նրանց կայուն զբաղվածություն ունենալու միջոցներ է ձեռնարկելու: Տրվելու է դրամագլուխ, որը օգտագործվելու է օրինակ՝ անհրաժեշտ սարքավորում ձեռք բերելու համար, ինչի շնորհիվ ընտանիքը եկամուտի աղբյուր կունենա: 

«Աղքատության հաղթահարման» ծրագրի շահառու ընտանիքների մի մասի հետ արդեն պայմանագրեր կնքել են, մինչև տարեվերջ նրանց համար ձեռք կբերվի անասնագլխաքանակ:

Հակոբ Քելեշյան

3-րդ կուրս

Կիսվել