ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿԻ

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿԻ

1155

20-ամյա Լիլիթ Խաչատրյանը պատմում է, որ մի տարի առաջ իր ընկերուհու հետ որոշել են գնալ բախտագուշակի մոտ, որպեսզի իմանան իրենց ճակատագրերը։ Ասում է, որ այն ժամանակ իսկապես հավատում էին, բայց հիմա լուրջ չեն վերաբերվում բախտագուշակությանը։ Աղջիկը պատմում է, որ բախտագուշակը մի տատիկ էր, ով ասում էր երբեմն ճիշտ, համընկնող բաներ, երբեմն էլ՝ սխալ, վերջում էլ 1000 դրամ ուզում ու ճանապարհում։

Բախտագուշակների եւ նրանց ծառայությունների մասին կարծիքները իրարամերժ են․ ոմանք անվերապահորեն հավատում են, ոմանք էլ հասցրել են հիասթափվել։ Մարիամ Ստեփանյանը (անուն-ազգանունը փոխված է), ով մեր հաջորդ հերոսուհին է, ասաց. «Ես գնացել եմ մի քանի գուշակի մոտ, բայց ապարդյուն է եղել։ Փողերը վերցրել են ու ոչ մի արդյունք։ Կարող է մի բան ճիշտ ասեն, որը կհամընկնի, այնուհետև, լավ հոգեբան լինելով՝ կշարունակեն ենթադրություններ անել»։

Նա նաև լավ տեղեկացված էր գներից. «Նկար նայելը 3000 դրամ է, բախտ գուշակելը՝ մեկի մոտ 1000, մյուսի մոտ՝ 2000, էն երրորդի մոտ 5000 դրամ է։ Թուղթ ու գիր քանդում են 20000 դրամից սկսած, թալիսմաններ տալիս են 40000 դրամով»։

Մեր անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդները դիմում են բախտագուշակների հիմնականում հետաքրքրությունից դրդված։  «Ես միայն հետաքրքրության համար եմ գնացել․ բախտս, նշանվելս կապ չունեն իմ գնալու հետ»,- ասաց 18-ամյա երիտասարդներից մեկը։ Իսկ մեծահասակների մոտ, հիմնականում, կյանքում առաջացած խնդիրների առկայությունն է ստիպում գնալ այդ քայլին։ Ընդ որում՝ հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունում բախտագուշակների ծառայություններին հավասար դիմում են թե´ կանայք, թե´ տղամարդիկ։

Հոգեբան Մարինե Քոչարյանն ասում է, որ բախտագուշակներին դիմում են այն մարդիկ, ովքեր ունեն կայացման, իրենց անձի գնահատման, հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրներ։ «Եթե մարդը հասուն է ու կայացած, պիտի ճիշտ դատի, սթափ տեսնի խնդիրները և ընդառաջ գնա դրանց»,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբանը։ Նրա խոսքով՝ մարդու կամքը մեծ դեր ունի այստեղ․ մարդը պիտի ձգտի հոգեբանորեն հաղթահել իր խնդիրները, ոչ թե ընկնել մոգական շղթաների մեջ։ Իսկ եթե հոգեկան ծանր վիճակների մեջ են մարդիկ, ապա պետք է դիմեն հոգեբաններին։ «Ցավոք, մեր հասարակության մեջ դեռ կա այն խնդիրը, որ մարդիկ ամաչում են ասել, որ գնում են հոգեբանի մոտ, բայց գաղտնի դիմում են բախտագուշակներին՝ հույս ունենալով, որ իրենց խնդիրներին լուծում կտրվի»։

Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ բախտագուշակները հիմնականում մանիպուլյացիաների են դիմում, իսկ մարդիկ սիրում են հեշտի հետևից գնալ, գիտեն, թե իրենց խնդիրները մեկ ուրիշը կարող է լուծել։ Իսկ քրիստոնեությունն ասում է, որ քո խնդիրը, դու ինքդ պիտի լուծես։ Քահանան բախտագուշակներին դիմելը մեղք համարեց ու ասաց. «Ինչպես գողություն անելով, այնպես էլ բախտագուշակի մոտ գնալով ՝ քրիստոնյան դավաճանում է Աստծուն»։

Լուսինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել