Ինչո՞ւ են մարդիկ դառնում խաղամոլ և ի՞նչն է նպաստում խաղամոլության աճին: Այս հարցերի շուրջ զրուցել եմ հայաստանյան բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակցի հետ, ով չցանկացավ ներկայանալ։
- Հիմնականում ո՞ր տարիքային խմբի մարդիկ են Ձեր խաղակետում խաղադրույք կատարում:
- Գերակշռող մասն են կազմում 20-25 տարեկան երիտասարդները․ կարծում եմ՝ դա նրանից է, որ գումար աշխատելու հեշտ միջոց են փնտրում:
- Մինչ այստեղ գալս զրուցում էի մի քանի դեռահասի հետ, ովքեր պնդում էին, որ իրենք խաղադրույք են կատարել, բայց իրենց օրենքով դա չի թույլատրվում: Ի՞նչ կասեք այս մասին:
- Հնարավոր է, ոչինչ չեմ կարող բացառել․ բայց կարող եմ 100%-ով վստահեցնել, որ իմ խաղակետում ոչ մի դեռահաս խաղադրույք չի կատարել: Կասեմ նաև, որ եթե նրանք հաղթեին, Ձեզ այդ մասին չէին ասի:
- Իսկ պատահո՞ւմ է, որ խաղադրույք կատարողը իգական սեռի ներկայացուցիչ լինի:
- Հազվադեպ, բայց լինում է: Կանայք և աղջիկները հիմնականում նախընտրում են առցանց խաղադրույքներ կատարել:
- Դուք ամեն օր ընդունում եք հարյուրավոր խաղադրույքներ, ի՞նչ եք կարծում՝ ինչն է նպաստում խաղամոլության աճին:
- Առաջին պատճառը մարդկանց ծանր սոցիալական վիճակն է, իսկ երկրորդը՝ համացանցով և հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդներն են: Պատճառ կարող է լինել նաև մարդկանց ծանր հոգեկան վիճակը, բայց կարծում եմ՝ շատ քիչ դեպքերում:
- Իսկ անձամբ դուք խաղադրույքներ կատարո՞ւմ եք:
- Այո, ժամանակ առ ժամանակ կատարում եմ, բայց փորձում եմ հնարավորինս հեռու պահել խաղադրույք կատարելուց:
- Կհիշե՞ք Ձեր խաղակետում շահած և պարտված ամենախոշոր գումարները վերջին 5 օրերի ընթացքում:
- 3 օր առաջ մեկը 460.000 դրամ շահեց, բայց այսօր՝ 300.000 դրամ պարտվեց: Նույն մարդը 2 օր առաջ, մոտ 200.000 դրամ կրկին պարտվել էր:
- Ասացեք 3 պատճառ, թե ինչու չպետք է խաղադրույք կատարել:
- Նախ՝ դա խանգարում է սթափ մտածել, 2-րդ՝ այն թմրանյութի պես կախվածություն է առաջացնում․ ասում եմ սեփական փորձիցս, սակայն չէի ցանկանա մանրամասնել: 3-րդ՝ այն պարզապես լավ պատրաստված ծուղակ է:
Դավիթ Լևոնյան
2-րդ կուրս