ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

968

Հայաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 168.15 հազար ՀՀ դրամ, միջին ամսական զուտ աշխատավարձն առանց եկամտային հարկի՝ 114.80 հազար ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձն առանց եկամտային հարկի և սոցիալական վճարի՝ 112.19 հազար ՀՀ դրամ: Դրանից էլ հանում ենք առաջարկվող առողջապահության 6 % հարկը և արդյունքում մնում է 105 հազար դրամ: Մասնավոր ծախսերում ամենամեծ տեսակարար կշիռը դեղերի և բժշկական նշանակության ապրանքի ձեռք բերման ծախսերն են: Տնային տնտեսությունների առողջապահական ընդհանուր 484.576.8 մլն դրամ ծախսերից 188.188.1 մլն դրամը կամ 39 %-ը կազմում է դեղորայքի և ԲՆԱ ձեռք բերման ծախսերը, որից 188.178.5 մլն դրամը տնային տնտեսությունների կողմից առանց դեղատոմսի դեղերի ձեռք բերման ծախսն է։

2021 թ.-ին Հայաստանի բնակչությանը պարտադիր բժշկական ապահովագրությամբ ապահովելու համար կառավարությունը ներկայացրել է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման» հայեցակարգ։  Ըստ հայեցակարգի հիմնավորման՝  Հայաստանի բնակչության շուրջ 9 %-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6 %-ը աղքատանում է (բնակչության մնացած 91%-ի վերաբերյալ հիմնավորման մեջ որևէ տվյալ չկա): Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և  առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունն ու պաշտպանվածությունը։

Իսկ ինչպե՞ս  և  ի՞նչ միջոցներով է իրականացվելու նախագիծը։

Ըստ նախարարության առաջարկած նախագծի՝ առողջապահությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ՝ աշխատավարձի 6%-ը։ Նախագիծը գործարկելու համար անհրաժեշտ կլինի մոտ 250 միլիարդ դրամ, որից պետությունը տրամադրում է 109 միլիարդը։ Մնացած գումարը առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացնել Հայաստանում եկամուտ ունեցող քաղաքացիների աշխատավարձի 6 %-ի հաշվին։ Նրանք, ովքեր ավելի քիչ եկամուտ ունեն,  հարկի ներդրումը կնվազի եկամտահարկի համահարթեցման արդյունքում` եկամտահարկի չափի նվազման միջոցով։ Առաջարկվող համապարփակ ապահովագրության նախագիծը ընդունվելու դեպքում պարտադիր կլինի թե´ ուսանողի, թե´ թոշակառուի, թե´ գործազուրկի, թե´ բարձր եկամուտ ունեցող աշխատողի համար։

Պետության կողմից բնակչության բոլոր խմբերին երաշխավորված անվճար բժշկական օգնության հիմնական ծառայությունների փաթեթը ներառելու է վերակենդանացման ծառայություններ, հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, զորակոչային տարիքի և մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնություն, ծննդօգնություն։ Բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվելու է նաև պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում։

Պարտադիր ապահովագրության ներդրման նախագիծն այժմ դրված է օնլայն հանրային քննարկման, որին մասնակցողների 56%-ը դեմ է արտահայտվել հայեցակարգի ընդունմանը։ Օնլայն հարթակներում շարունակվում են բացասական արձագանքները բժշկական ապահովագրությունը պարտադիր դարձնելու վերաբերյալ։ Շատերը բողոքում են նրանից, որ նախագծի գործարկման դեպքում հարկ վճարողների շահերն արհեստականորեն կհակադրվեն հարկ չվճարողների՝ այսպես ասած առաջինների հաշվին սպասարկվողների շահերին: Օգտատեր Արմեն Հովհանիսյանը գրում է. «Կողմ կլինեի, եթե բոլորը, կամ գրեթե բոլորը հարկեր վճարեին: Օրինակ՝ ես չեմ պատկերացնում, տաքսու վարորդը, որ հարկ չի վճարում, բայց ամենամեծ վնասնա հասցնում, քաղաքին (ամենաշատ խախտումները իրենք են անում, օդը կեղտոտում են, փչացնում են քաղաքի դիմագիծը…) ինքը ոնցա օգտվելու այս ապահովագրությունից, իմ հաշվի՞ն: Եվ հետո, մարդ կա աշխատավարձը մեկ միլիոն դրամ է, մարդ կա՝ մինիմում է, ինչու՞ պետք է անհավասար մուծում անեն և օգտվեն հավասար…. Միանշանակ այսպիսի ապահովագրության համար մենք դեռ պատրաստ չենք…»: Ըստ օգտատեր Տիգրան Ստեփանյանի՝ «Սիրելի իշխանությունն ակնկալում է լրացուցիչ 6% փայ գանձել քաղաքացիների գրպանից: Այսպես կարելի էր անվանել սույն նախագիծը, եթե մի կողմ դրվեր սովորական մարքեթինգը»:

Այս պահին պարզ է մի բան. բնակչությանը պարտադիր բժշկական ապահովագրությամբ ապահովելը կարևոր խնդիր է, որն անպայմանորեն լուծում պիտի ստանա, սակայն պարզ է նաև, որ վերոնշյալ նախագիծը լրամշակման կարիք ունի, այլապես կարող է ավելի շատ խնդիրների պատճառ դառնալ:

Լիլիթ Հովսեփյան
3-րդ կուրս

Կիսվել