14-ամյա Արսեն Հակոբյանը շատ է սիրում համակարգչային խաղեր խաղալ։ Սիրում է հատկապես ավտոմեքենաներով խաղերը. չէ՞ որ տղաներին են դուր գալիս ավտոմեքենաները։ Արսենի խոսքով՝ բացի համակարգչից, ինքն ունի նաև այլ հետաքրքրություններ։ Կիթառ է նվագում, բակում խաղում է ընկերների հետ, իսկ համակարգչին օրական ամենաշատը տրամադրում է 3 ժամ։ Արսենի մայրը՝ Գոհար Բարսեղյանը, սակայն, այլ բան է պնդում․ «Արսենը համակարգչի առաջ անցկացնում է օրվա մեծ մասը` հաճախ մոռանալով անգամ ուտելու մասին։ Երբ հանում եմ համակարգչի դիմացից և արգելում մոտենալ, դառնում է ագրեսիվ ու նյարդային։ Չեմ ժխտում, որ կիթառ է նվագում ու խաղում ընկերների հետ, բայց նրա գլխավոր ընկերը համակարգիչն է․ ես վախենում եմ, որ համակարգչի առաջ անզոր եմ անգամ ես»,- պնդում է տիկին Գոհարը։
Տաթևիկ Աղաջանյանը, ով տարիներ շարունակ աշխատել է որպես օնլայն մենեջեր, մեզ հետ զրույցում ասաց. «Չնայած նրան, որ ինտերնետից օգտվել եմ զուտ աշխատանքից ելնելով, այնուամենայնիվ, դա ինձ մոտ նույնպես կախվածություն էր առաջացրել։ Ես ամբողջ օրը անշարժ նստած աշխատում էի։ Դրա պատճառով ես ունեցա նաև առողջական խնդիրներ», – նշեց Տաթևիկը։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր բան էլ կարող է դառնալ կախվածություն, եթե մարդը կորցնում է չափի զգացողությունը։ Անգամ գիրք կարդալը կարող է դառնալ կախվածություն։ Մարդ չպետք է ընկնի որևէ կախվածության մեջ․ պիտի գնահատի մարդկային բնությունն ու չմոռանա դա պահպանելն ու կատարելագործելը։
Հոգեբան Սոնա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեր օրերում մարդկանց մեծ մասի օրը սկսվում է հեռախոսի էկրանին նայելով, նյուզֆիդը ստուգելով ու այդպես մինչև ուշ գիշեր: Քայլում են՝ հեռախոսի էկրանին նայելով, ուտում են՝ մի ձեռքում հեռախոսը բռնած, նույնիսկ ընկերների հետ զրուցելիս նրանց ուշադրությունը հեռախոսի մեջ է: Հենց սա է ինտերնետային կախվածությունը։ «Դեռահասության շրջանը յուրահատուկ է: Դեռահասը անցումային շրջանում է լինում, դեռ լիովին ձևավորված չէ, ինչպես, օրինակ, 30 տարեկան մարդը: Նա փորձում է հասկանալ իրեն, իր տեղը, դերը: Օրինակ՝ պատկերացրեք մի դեռահասի, ով համարձակ չէ, այնքան էլ չի սիրում իր արտաքինը: Սոցցանցը նրան հնարավորություն է տալիս դադարել լինել այդպիսին, ու նա գրանցվում է այս կամ այն անունով, և իրեն ներկայացնում առանց այն թերությունների, որոնք ունի իրական կյանքում։ Այսպես մի քանի անգամը վերածվում է ամենօրյա ապրելակերպի»,– ասում է հոգեբանը։ Մասնագետը նշում է, որ ինտերնետային կախվածությունը երեխաների մոտ կարող է հանգեցնել ագրեսիվ վարքի ձևավորման, մանավանդ, երբ անջատում կամ ստիպում են կտրվել ինտերնետից: Երեխան դադարում է հաճույք ստանալ իրական խաղերից կամ բոլոր այն հետաքրքրություններից, որոնցով նախկինում սիրում էր զբաղվել: Խուսափում է իրական շփումներից, արագ է նյարդայնանում: «Շատ ծնողներ, հայտնաբերելով, որ իրենց երեխան ունի համացանցից կախվածություն, զայրանում են, վերցնում համակարգիչը՝ փորձելով կանխել նրա հետագա օգտագործումը: Որոշ ծնողներ էլ ուղղակի հրամայում են այլևս չօգտվել համացանցից: Իհարկե, երկու դեպքերն էլ ծայրահեղություն են: Երեխան սկսում է ընկալել ծնողին որպես թշնամի»,– նշում է հոգեբանը։
Հոգեբան Սոնա Պետրոսյանը մի քանի խորհուրդ տվեց ինտերնետային կախվածություն ունեցող երեխաների ծնողներին.
1.Նախ երեխային պետք է բացատրել ձեր անհանգստությունների պատճառները, պետք է խոսել խնդրի մասին:
2.Կարիք չկա կտրուկ արգելել օգտվել համացանցից, այլ պետք է սահմանել կանոններ ու հետևել դրանց: Օրինակ՝ կարելի է պայմանավորվել․ օգտվել համացանցից ամեն օր մի ժամ, բայց՝ ոչ ավելի:
3.Ծնողները պետք է հիշեն, որ իրենք ոչ թե փորձում են փոխել իրենց երեխային, այլ օգնում են նրանց ազատվել հոգեբանական կախվածությունից:
4. Պետք է միշտ լսել երեխայի տեսակետը, կարծիքը: Անհրաժեշտության դեպքում գնացեք կոմպրոմիսների:
5.Ցու´յց տվեք երեխաներին ձեր հոգատարությունը, որ ձեզ համար կարևոր է նրանց ուրախ լինելը:
6.Սահմանեք հստակ ընտանեկան կանոններ, որոնց կհետևեն բոլորը:
7.Եվ իհարկե, ձեր օրինակով ցույց տվեք երեխային, թե որն է ճիշտը։ Ձեր օրինակը ցույց տալով՝ դուք ավելի մեծ արդյունքի կհասնեք, քան խրատելով:
Անի Մարտիրոսյան
2-րդ կուրս