«Տանը հյուրեր էինք ունենալու, շատ արագ գնացի մեր շենքի տակ գտնվող խանութից թխվածք գնելու։ Շատ էի շտապում, վերցրի մեկ տուփ թխվածք և, առանց պիտանելության ժամկետը ստուգելու, վճարեցի ու դուրս եկա խանութից։ Երբ եկան հյուրերը և բացեցի տուփը, ճիշտն ասած՝ շատ զարմացա, թխվածքը չորացած էր, վրան էլ բորբոսի հետքեր կային, բայց քանի որ հյուրեր ունեի, ապրանքը չկարողացա այդ պահին ետ տանել, հետո էլ, կարծում եմ, իմաստ չէր լինի․ եղածը եղած էր»,- պատմում է Հ․Մարտիրոսյանը։
Մեկ այլ քաղաքացի՝ Հեղինե Առաքելյանն էլ պատմում է, որ իր դուստրը դպրոցի բուֆետից գնել էր հոթ-դոգ և մինչև դասերի ավարտը, երեխայի ինքնազգացողությունը վատացել էր։ Բժշկի հետազոտությունից պարզվեց, որ երեխան թունավորվել է հին հոթ-դոգից։
Սննդագետ, ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սննդի պիտանելիության առումով Հայաստանն ունի դրական միտում, սննդի ժամկետանց լինելու դեպքերը նվազել են, որի պատճառներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է իրազեկ սպառողների թիվը, ովքեր ակտիվորեն մասնակցում են նման գործընթացներին, ահազանգում են լիազոր մարմիններին, սպառողների շահերի պաշտպանության կազմակերպություններին կամ զանգվածային լրատվական միջոցներին։ Սննդագետը նշեց, որ ինքը ևս ակտիվ է սոցիալական ցանցերում, տարբեր խմբերում, և սպառողները շատ հաճախ իրեն են դիմում մի շարք հարցերով։
Ի դեպ, վերջերս Պիպոյանը մի շարք ահազանգեր է ստացել ժամկետանց մայոնեզի, յոգուրտի և շոկոլադի դեպքերի առթիվ։ «Շոկոլադի դեպքի մասին արձագանքեց քաղաքացիներից մեկը՝ ինձ ժամկետանց շոկոլադի նկար ուղարկելով, բայց այն մեզ համար հենք չէ, քանզի հնարավոր է՝ քաղաքացին գնել է ապրանքը, պահել տանը և այդ ընթացքում էլ սպառվել է պիտանելության ժամկետը․ նման դեպքերում մենք կարևորում ենք ՀԴՄ-ն»,- նկատեց մասնագետը։ Դավիթ Պիպոյանը ժամկետանց ապրանքները ակցիայի տակ վաճառելը համարեց օրենքի կոպտագույն խախտում՝ շեշտելով, որ ժամկետանց սնունդ վաճառելը ենթակա է վարչական պատասխանատվության։
Ինչպե՞ս պայքարել ժամկետանց սննդի դեմ․ մասնագետը
առանձնացրեց թվային լուծումները և հետաձգելիության սկզբունքների ներդրումը։ «Ամբողջ աշխարհը առաջնորդվում է սննդամթերքի անվտանգության ոլորտի կանխարգելման սկզբունքով, այսինքն՝ չհայտնաբերել ժամկետանց սնունդ և հետո միայն իրականացնել համապատասխան քայլեր»,- հավելեց Դավիթ Պիպոյանը։ Մասնագետը խորհուրդ տվեց նման դեպքեր հայտնաբերելու դեպքում դիմել պատկան մարմիններին։
ՍԱՊԾ-ի տվյալներով՝ ժամկետանց սննդի հետ կապված եղել է մոտ 500 ահազանգ։ ՍԱՊԾ-ի խոսնակ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման դեպքերի պատիժը կախված է ՝ դա խանութ է, թե՞ սննդի կետ, ինչպես նաև, ինչքա՞ն ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել։ «Եթե դեպքը առաջին անգամ է՝ տրվում է նախազգուշացում, հաջորդ անգամ կարող է լինել կասեցում կամ՝ տուգանք, որի չափը տատանվում է 100-300 հազար դրամի սահմաններում»,- հավելեց Անուշ Հարությունյանը։
Մերի Մաթևոսյան
2-րդ կուրս