Մի պտղունց քաղցրություն. Վարդուկի երազանքը

Մի պտղունց քաղցրություն. Վարդուկի երազանքը

1873

«Իրար խառնվող բաղադրիչների, համեմունքների ծանոթ ու սիրելի բույրեր, իմ հիանալի տրամադրությամբ վարակվող ջեռոցում բարձրացող խմոր և ուղեկցող բարձր երաժշտություն. սա իմ դրախտն է»,-այսպես է ասում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Վարդուհի Տոնոյանը, ում խոսքով՝ իրեն հաճախ ասում են նաև Վարդուկ։

Բնութագրությունը հասանալի չէ

Նա իր մանկության երազանքն իրական գործի վերածեց 2018 թվականի աշնանը՝ ստեղծելով Varduk’s Nyam Nyam Sweets թխվածքների և քաղցրավենիքի օնլայն խանութը, որի առաջին հաճախորդը դարձավ իր ընկերուհին։

Խմորեղեն պատրաստել Վարդուկը սիրել է դեռ մանկուց, նրա ուսուցիչն ու խորհրդատուն եղել է տատիկը։
«Երբ փոքր ժամանակ տատիկս խմորեղեն էր պատրաստում, ես գնում էի խոհանոց, կանգնում էի աթոռին ու սկսում ուշադիր հետևել ողջ ընթացքին, ինչու՞ ոչ, նաև փորձում էի ինքս պատրաստել»,- ասում է Վարդուկը։

Գործունեության սկզբնական շրջանում Varduk’s Nyam Nyam Sweets-ը, ինչպես ցանկացած նմանատիպ նոր նախաձեռնություն, չի ունեցել այնքան հաճախորդներ, որքան ունի այժմ, սակայն հաջողություն է ունեցել անմոռանալի համի և որակի շնորհիվ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Իմ գնորդները հաճախ իրենց պատվիրած թխվածքների, քաղցրավենիքի նկարները տեղադրում են սոցկայքերի Story բաժնում և ինձ նամակներ գրում՝ ասելով, որ ամեն ինչ շատ համեղ էր կամ որ թխվածքը, խմորեղենը դուր է եկել նաև իրենց հյուրերին: Դա ինձ անասելի ուրախացնում է, չէ՞ որ սիրով արված աշխատանքի գնահատականն ամենահաճելին է լինում»,-ասում է Վարդուկը։

Nyam Nyam-ը արդեն ունի նույնիսկ ֆիրմային թխվածք ՝ Oreo Cake-ը, որը պատրաստվում է Oreo թխվածքաբլիթով, և նաև խմորեղեն, որը դարձել է հաճախորդների ամենասիրելին ։

«Մեր ամենասիրելի և ամենապահանջված խմորեղենը Nyam Nyam Cake-ն է, որը պատրաստվում է շոկոլադե բիսքվիթով, ընկույզով և խտացրած կաթի միջուկով։ Բացի դրանից՝ մեր հաճախորդները շատ են սիրում Nyam Nyam-ի թխվածքաբլիթները, որոնք պատրաստում ենք տուփերով՝ հաճախորդների ցանկացած քանակով և դիզայնով, ինչպես նաև ունենք անակնկալ թխվածքաբլիթներ, որոնք կոտրվում են, իսկ միջից դուրս է գալիս փոքրիկ նվեր կամ բարեմաղթանք»,-ոգևորությամբ պատմում է Վարդուկը։

https://www.facebook.com/103560837871497/videos/2664094697198740

Ըստ նրա՝ հաճախորդին դուր է գալիս ոչ միայն խմորեղենի, տորթի տեսքը, համը, այլ նաև այն հանգամանքը, որ դրանք տնական են և պատրաստվում են բարձրորակ բաղադրիչներով։

«Nyam Nyam-ն ինձ համար առաջին հերթին հոբբի է, հետո նոր՝ բիզնես։ Երբ անտրամադիր եմ, բարկացած կամ տխուր, ես ուղղակի գնում եմ խոհանոց, սկսում թխել, զրուցել խմորի հետ։ Դա լավագույն անտիսթրեսն է ինձ համար, ես դրանից հանգստանում եմ և կրկին աշխուժանում»,– պատմում է Վարդուկը։

https://www.facebook.com/103560837871497/videos/257176829056613

Նա ասում է՝ չնայած այն հանգամանքին, որ ապրանքանիշի էջը ինքը չի կառավարում, ցանկացած աշխատանքի նկարագիրը, որը կցվում է թխվածքի նկարին կամ հոլովակին, անձամբ է գրում.
«Որովհետև երբ մի բան ինքդ ես անում, բոլորից լավ գիտես դրա որակը։ Այդպես ես կարողանում եմ էկրանից այն կողմ փոխանցել իմ ստեղծագործության համը, նույնիսկ բույրը»,- նշում Վարդուկը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=163857785175135&id=103560837871497

Խոսելով դժվարություններից՝ Վարդուկը կատակեց՝ ասելով, որ դրանք իրեն հետապնդում են ամենուր, և որ դժվարությունները բազմաթիվ են, քանի որ ամեն ինչ անում է ինքնուրույն։ Սակայն նաև նշեց, որ եթե Աստված մարդուն տալիս է դժվարություն, ուրեմն գիտի, որ տվյալ մարդը կարող է հաղթահարել։

«Երբեմն դժվար են ձևավորումը, դետալների ընտրությունը։ Կան թխվածքներ, որոնք ունեն տասնյակի հասնող տարատեսակներ, ես փորձում եմ բոլորը։ Հաճախ դրանք լավ չեն ստացվում, համեղ են լինում, սակայն ձևավորումը սրտովս չի լինում կամ օրինակ՝ տվյալ խմորը չի բարձրանում։ Ես նստում եմ, փնտրում, տնտղում այնքան, մինչև հասկանում եմ՝ ինչպես կարելի է փորձել և փորձում այնքան, մինչև ստանում եմ այն, ինչն իսկապես ցանկանում էի ստանալ»,- ասում է Վարդուկը։

Բնութագրությունը հասանալի չէ

Թեև համավարակը իր ազդեցությունն է ունեցել նաև Nyam Nyam-ի վրա, սակայն ինչպես Վարդուկն է ասում, ամեն ինչ հաղթահարված է։ Մոտավորապես մեկուկես ամսից իրականություն կդառնա Վարդուկի երազանքը և կբացվի Varduk’s Nyam Nyam Sweets խմորեղենի խանութսրահը։

Ապագայի պլանների մասին խոսելիս Վարդուկը նշեց, որ ցանկություն ունի բացելու հրուշակագործության դպրոց, որտեղ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան սովորելու ամեն ինչ այս ոլորտի վերաբերյալ։

«Շատ եմ ուզում նաև արտասահմանից հրուշակագործ հրավիրել Հայաստան, թեև սա մեծ ֆինանսական միջոցներ կպահանջի, բայց անիրագործելի ոչինչ չկա»,- ասաց Վարդուկը։

Նա նաև նշեց, որ շատ կուզենա ապագայում սիրելի զբաղմունքը համատեղել մասնագիտության հետ և ստեղծել հաղորդում՝ Varduk’s Nyam Nyam Sweets-ի մասին։

«Եթե ունեք ցանկություն՝ իրականություն դարձնելու ձեր երազանքները, նպատակները, ապա պետք չէ սպասել կամ հապաղել, սկսե՛ք հաջորդ օրվա առավոտյան ժամը 9-ից»,- վերջում բոլոր նմանատիպ գաղափար ունեցողներին խորհուրդ տվեց Վարդուկը։

Հեղինակ՝ Դիանա Պետրոսյան

Journalist.am_ը շարունակում է իր հոդվածների շարքը, որտեղ պատմում ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի այն ուսանողների մասին, որոնք նման հետաքրքիր նախաձեռնություններով աչքի են ընկնում։ Սպասեք մեր նոր պատմություններին այլ նախաձեռնությունների մասին ևս։
Կարող եք կարդալ նաև մեր նախորդ հոդվածը.
Էթնոգյուղ ստեղծողները. Եղիպատրուշ

Կիսվել