Ադրբեջանը մեղադրել է Մոսկվային «Հայաստանին զինելու» մեջ

Ադրբեջանը մեղադրել է Մոսկվային «Հայաստանին զինելու» մեջ

513

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հուլիսյան սահմանային մարտերից հետո Ռուսաստանն ինտենսիվորեն զինում է Հայաստանին:

Օգոստոսի 29-ին Հիքմեթ Հաջիևն ասել է, որ հուլիսի 17-ից հետո ռուսական Իլ-76 ռազմական տրանսպորտային օդանավերը պարբերաբար թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան: Այս մասին հաղորդւմ է Reuters-ը:

Ադրբեջանի նախագահի խորհրդականն ասել է, որ իրենց չեն բավարարել ռուսական կողմի այն հավաստիացումները, որ Իլ-76 օդանավերը շինարարական նյութեր են տեղափոխում:

«Սովորաբար շինանյութերը օդանավերով չեն տեղափոխվում, դրա համար կան այլ միջոցներ», – ասել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Բաքու այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Մոսկվայի գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

«Մենք մտահոգությամբ հետևում էինք Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Գիտենք նաև դեպի մեր ռազմաբազա թռիչքների հետ կապված անհանգստությունների մասին: Միանգամից ուզում եմ ասել. մեր գործողությունները երբեք ուղղված չեն եղել եւ այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի դեմ, որը մեր հարևանն ու գործընկերն է: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», – ասել էր Շոյգուն:

Նա նշել էր, որ Ռուսաստանը սոցիալական օբյեկտներ է կառուցում Հայաստանի իր ռազմաբազայում:
«Որոշակի աննշան ակտիվությունը դրա հետ է կապված: Եվ երկրորդ մասը զորակոչն է: Ոմանց պետք է տուն վերադարձնեինք, ոմանց էլ՝ հակառակը», – վստահեցրել էր Շոյգուն:

Կիսվել