«Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ ազգային բրենդի զարգացման համար»

«Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ ազգային բրենդի զարգացման համար»

714

Երկրի զարգացման ու ազգային նկարագրի ճանաչման համար պետությունները  հստակ ռազմավարություններ են մշակում: ՀՀ –ը ևս մեծ ներդրումներ է արել ազգային բրենդի ստեղծման ու ճանաչման գործում: Ոլորտի հիմնախնդիրների մասին զրուցել ենք հասարակական-մշակութային  գործիչ Կարինե Փանոսյանի հետ:

Երկար տարիներ է՝ Կարնեն Փանոսյանը զբաղված է մշակույթը, զբոսաշրջությունը ՀՀ բրենդ դարձնելու աշխատանքներով: Մեծ կապեր ունի եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի զբոսաշրջային գործակալությունների հետ: Հայաստան այցելող զբոսաշրջիկների հետ պարբերաբար կազմակերպում է արշավներ դեպի Հայաստանի մոռացված պատմամշակութային վայրեր: Նա այլընտրանքային զբոսաշրձության իր ձևն է առաջարկում այցելուներին՝ հիմքում դնելով ազգային արժեքների լոբբինգը և մատչելի ներկայացումը:

Կարինե Փանոսյանը զբոսաշրջիկներին է ներկայացնում վաղուց մոռացված հայկական ավանդույթներ, պատմական դրվագներ և վայրեր, որտեղ տեղի են ունեցել նշանավոր դեպքեր: Ներկայացնում է նաև մեր ազգային խոհանոցը՝ զբոսաշրջիկների հետ պատրաստելով վաղուց մոռացված ուտեստներ: Կարինեի կարծիքով՝ բրենդավորելու և այդ միջոցով աշխարհին մեր դիմանկարը ճանաչելի դարձնելու համար Հայաստանն ունի հսկայական պետենցիալ:

2014թ․ ՀՀ կառավարության պատվերով ազգային բրենդ ստեղծելու ծրագրեր իրականացրած «Ջի-Քեյ բրենդ» մարքետինգային գործակալության տնօրեն Վազգեն Քալաջյանի համոզմամբ՝ 2014 թվականին կատարված հսկայական աշխատանքները մեծապես խթանել են ՀՀ բրենդինգի զարգացմանը։ Այնինչ Կարինե Փանոսյանի պնդմամաբ՝ չնայած այդ աշխատանքներն ունեցել են որոշակի արդյունքներ, սակայն վերջնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներդրումներն այնքան էլ արդյունավետ չեն եղել: Ըստ մեր զրուցակցի՝ բրենդավորման աշխատանքների համար  կառավարության կողմից տրամադրված հսկայական գումարներն առավել ռացիոնալ ու նպատակային կարող էին ծախսվել:

«Նախ պետք է դիտարկեինք խնդիրն ու միջոցներն ուղղեինք խնդիրն արմատապես լուծելուն: Մենք առաջին հերթին պետք է վերանայենք մեր կրթական համակարգը: Վաղ է խոսել նոր բրենդների ստեղծման մասին։ Փոխարենը պետք է բարձրացնենք մեր ազգային մտածողությունը: Այսօր մենք բառի բուն իմաստով հրաժարվում ենք մեր մշակույթից, մեր լեզվից, որը կարող է հիանալի բրենդ լինել զբոսաշրջության ոլորտում»,- ասում է  Կարինե Փանոսյանը:

Ավելի հստակեցնելով միտքը, թե ինչպես ենք հրաժարվում մեր մշակույթից,Կարինե Փանոսյանը հավելում է․  «Այսօր մենք չունենք հաղորդումներ, որոնք պատմում են մեր մշակույթի, մեր պատմության մասին՝ բացի մատերի վրա հաշված մեկ կամ երկու հաղորդումից, չունենք մեր ազգային դիմագիծն արտահանող ֆիլմեր, որոնք կարող ենք թարգմանել և ցուցադրել աշխարհում։ Մեր ֆիլմերը նույնպես պոտենցիալ բրենդի օրինակներ են, մինչդեռ մեր հարևան Թուրքիան լուրջ միջոցներ է ուղղում մեզանից գողացած մշակույթն իրենց գույներով ներկայացնելու համար»։

ՀՀ բրեդնի զարգացման համար հասարակական գործիչը կարևորում է նաև պետության կողմից խթանող գործոնների ստեղծումը. «Մենք ի՞նչ ենք անում մեր ազգային բրենդի ստեղծման աշխատանքները խթանելու համար, եթե անգամ  «հայ» բառն օգտագործելու համար ահռելի վճարներ են  պահանջում։ Ցանկացած կազմակերպությունից, եթե այն  իր անվան մեջ ունի  «հայ» բառը, հարկայինում գրանցվելիս 600.000 դրամ հարկ է պահանջվում: Սա աբսուրդ է»,- կարծիք է հայտնում մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ հետպատերազմյան դժվարին այս ժամանակներում մեզնից բոլորիցս պահանջվում է ուժերի գերլարում: Պետք է հայկական արտադրանքը, մշակույթը, զբոսաշրջությունը ներկայացնենք որպես ազգային բրենդ. սա է մեր պետության տնտեսության ողնաշարը:

«Մենք պետք է ունենանք ազգային երազանք, դրա վրա հիմնված ազգային գաղափարախոսություն և ազգային կրթություն, որով կկառուցենք բոլորիս ապագայի Հայաստանը»,- հավելում է Կարինե Փանոսյանը:

Էդգար Գորգինյան

2-րդ կուրս

Կիսվել